՝«Հայաստան» դաշինքի՝ Մարզահամերգային համալիրում կայացած հանդիսավոր միջոցառումը կորցրել է իշխանականների ու ընդդիմադիր «մրցակից» գրասենյակների անդորրը: Սա, կարելի է ասել, որ նաև դաշինքի ուժի ցուցադրություն էր: Դահլիճը լեփ-լեցուն էր։ Եվ սա այն դեպքը չէր, երբ մարդկանց բերում են վարչական լծակներով կամ պարտադրանքով։ Այստեղ հավաքվածները եկել էին իրենց կամքով՝ աջակցելու դաշինքին և նրա առաջնորդին՝ Ռոբերտ Քոչարյանին։ Ներկաների վերաբերմունքը միանգամից փլուզում է այն թեզը, թե Քոչարյանի վարկանիշը անկում է ապրում: Այդ թեզը ավելի շատ քաղաքական հակառակորդների ցանկությունն ու երազանքն է, քան իրականությունը։ Իշխանական դաշտում և նրան «մրցակից» ներկայացող որոշ շրջանակներում վաղուց արդեն նկատվում է սինխրոն հարձակում Քոչարյանի դեմ։ Սակայն դա, ինչպես երևում է, չի խանգարում նրա շուրջ ձևավորվող աջակցությանը։
Այլ հարց է, որ ընդդիմադիր դաշտում ի հայտ է եկել նոր ծանրակշիռ դերակատար՝ Սամվել Կարապետյանը։ Նրա ակտիվացումը որոշակի մրցակցություն է ստեղծում, սակայն այս փուլում դա ավելի շատ առողջ մրցակցություն է, քան հակադրություն։
Ինչպես սպասվում էր, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն հենց Ռոբերտ Քոչարյանն է։ Բեմից հնչող ելույթները զերծ էին ճոռոմաբանությունից․ խոսվեց ծրագրերի մասին՝ ընդունելով նաև այն փաստը, որ Աժ-ում ընդդիմադիր ամենամեծ ուժը դեռևս չի կարողացել հասնել իր հիմնական նպատակին՝ իշխանափոխությանը։
Երբ բեմ բարձրացավ Քոչարյանը, հնչեց արդեն ծանոթ, բայց հստակ ուղերձները՝ առանց պոպուլիզմի, առանց «քաղցր» խոստումների՝ ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, որը ապավինում է էմոցիոնալ և պոպուլիստական հռետորաբանությանը: Թեև շատերն են կարծում, որ նախագահը պետք է Փաշինյանից սովորի պոպուլիզմի «արվեստը» և մարդկանց սիրտը «սիրաշահի» այդ լեզվով: Սակայն, դա Քոչարյանի ոճը չէ. նա չի կարող և չի ցանկանա նմանակել եթերում «պերաշկի» ու կուկուռուզ ճպճպացնող անհաջողակ գործչին: Քոչարյանն ունի խոսելու ու գործելու իր ոճը, իր ձեռագիրը՝ մի քիչ չոր, մի քիչ կոպիտ ու հատու՝ համեմված հումորով, բայց դիպուկ և նպատակային: Քոբերտ Քոչարյանն ասում է այն, ինչը լիովին վստահ է, որ կարող է անել, որովհետև ունի դրա փորձառությունը: Մենք տեսել ենք, որ մի անգամ նա բարձրացրել է երկրի տնտեսական, սոցիալական ու անվտանգային կարգավիճակը՝ առանց խոստումներ տալու:
Քոչարյանը նաև կարևորեց սփյուռքի դերը՝ ընդգծելով, որ առանց դրա հնարավոր չէ ապահովել տնտեսական և արտաքին քաղաքական լուրջ առաջընթաց։ Փաստորեն, Քոչարյանը երկրորդ անգամ է ստանձնում Մայր Հայաստանի և սփյուռքի հաշտեցման միջնորդի դերը. Հիշում ենք, թե առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ինչպես էր վատացրել հարաբերություննեը սփյուռքի հետ, ինչպես վարվեց սփյուռքյան ամենամեծ կառույցի՝ Դաշնակցության հետ. 1994-ին նրա հրամանագրով դադարեցվեց ՀՅԴ գործունեությունը, փակվեցին գրասենյակները: Դաշնակցական շատ գործիչներ հայտնվեցին ճաղերի ետևում: Սփյուռքին արգելված էր որևէ միջամտություն ունենալ Հայաստանյան կյանքում: Կապը սփյուռքի հետ, կարելի է ասել, կտրված էր: Ամեն ինչ փոխվեց, երբ նախագահ ընտրվեց Ռոբերտ Քոչարյանը. նա Տեր-Պետրոսյանի այդ հրամանագիրը 1998-ին չեղյալ հայտարարեց, սկսեց ամրապնդել կապը սփյուռքյան տարբեր կառույցների ու ականավոր գործիչների հետ: Հենց Քոչարյանի ջանքերով ու մեծահարուստ սփյուռքահայերից շատերի օգնությամբ վերականգնվեց աղետի գոտին, այդ տարիներին Հայաստան մեծ ներդրումներ եկան սփյուռքհայաերի կողմից:
Այսօր գրեթե նույն վիճակն է, ինչպիսին Տեր-Պետրոսյանի օրոք: Սփյուռքահայերն օտարված են Հայաստանից:
Անշուշտ, Քոչարյանի ղեկավարման տարիները զերծ չեն եղել խնդիրներից: Սակայն, դրանք չեն եղել պետականաքանդ ու կորստաբեր: Դրանք ստվերվում են և հակադրվում են այն արդյունքներին, որոնք արձանագրվել են տնտեսության, սոցիալական և անվտանգության ոլորտներում։
Խորհրդանշական էր միջոցառման գլխավոր պատկերը՝ Արարատը… Սա փաստում է ազգային արմատներին, պատմությանն ու ինքնությանը անդավաճան մնալու՝ «Հայաստան» դաշինքի ու նրա առաջնորդի մեծ ծրագրի ու նպատակների մասին…
Նաիրա Վանյան
