Հունիսյան ընտրություններին ընդառաջ՝ իր վերարտադրությունն ապահովելու համար Փաշինյանը ոչ միայն ներքին ընդդիմախոսներին է «վնասազերծում»՝ նրանց նկատմամբ շինծու քրեական գործեր հարուցելով, այլև փորձում է իր պարտությունը կանխել՝ սփյուռքում, մասնավորապես ՌԴ-ում ապրող մեր հայրենակիցների մուտքը արգելելու ճանապարհով։
Ինչպես գիտենք, իշխանությունն իր վերարտադրությունն ապահովելու համար դիմել է ԵՄ-ին և գումար է խնդրել՝ «ՌԴ-ից սպառնացող հիբրիդային պատերազմը կանխելու» վերնագրով։ Այդ մասին գաղտնազերծել է Հայաստանի դեմ թիվ մեկ հիբրիդը՝ Կայյա Կալլասը։
«Անկախ դիտորդ» Հ/Կ-ի ներկայացուցիչ «հազարափեշակ» Դանիել Իոաննիսյանը, ով «լավատեղյակ» է ամեն ինչից, հատկապես՝ թե որ երկրի ներսում և դրսում ինչ են մտածում Հայաստանի ու նրա այսօրվա իշխանության մասին, լավատեղյակ է բոլոր «դավադրություններից», երեկ մի բացահայտում արեց.
Նա հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազություն՝ Ռուսաստանում հայազգի գործարարների նկատմամբ ենթադրյալ պարտադրանքի մասին։ Հաղորդումը ներկայացվել է Քրեական օրենսգրքի 233-րդ հոդվածով, որը վերաբերում է կուսակցության օգտին նվիրատվություն կատարելուն հարկադրելուն։
«Արգելված է մարդկանց պարտադրել, որ կուսակցություններին նվիրատվություն կատարեն։ Իսկ Ռուսաստանի դաշնային անվտանգության ծառայությունը (ФСБ) դա անում է։ Մենք այդ տեղեկությունները ունեինք ավելի քան մեկ ամիս, դրանց հետ կապված փորձում էինք ապացույցներ ձեռք բերել, բայց քանի որ Արտաքին հետախուզական ծառայությունը հայտարարությամբ հանդես եկավ, մենք որոշեցինք այլևս հաղորդում ներկայացնել։ Ճնշում գործադրողը ФСБ-ն է։
Տեղեկություն հավաքելու տարբեր աղբյուրներ ունենք։ Այս ընտրությունների ժամանակ ուշադրություն ենք դարձնում ոչ միայն Հայաստանում, այլ նաև Ռուսաստանում և Վրաստանում տեղի ունեցող այն գործընթացներին, որոնք կապ ունեն Հայաստանի ընտրությունների հետ։ Մի հոգու մասին չի խոսքը։ Այդ նույն հետքը Վրաստանում չենք տեսնում, այսինքն՝ Վրաստանում պետական մարմիններն այդ «տասովշչիկության» մեջ ներգրավված չեն։
Ռուսաստանում դա կա։ Ռուսաստանում մարդկանց կազմակերպում են, որ բերեն, և մենք նաև տեսել ենք, որ Հայաստանում այդ բերվող ընտրողներին դիմավորելու համար ավտոբուսներ են մոբիլիզացվում: Հայաստանում նման տեխնոլոգիաներից օգտվող ուժերին ընտրապայքարից դուրս թողնելու հետ կապված մեխանիզմները սահմանափակ են։ Դրանց դեմ կարելի է պայքարել միայն իրավական մեխանիզմներով»,-լրատվամիջոցներին ասել է Իոաննիսյանը։
Մեզ համար նորություն չէ, որ Իոաննիսյանի շուրթերով հաճախ խոսում է Նիկոլ Փաշինյանը։ Եթե Հ/Կ ղեկավարը նման գործընթաց է սկսել, նշանակում է՝ Փաշինյանն արդեն որոշում ունի՝ ընտրություններին ընդառաջ արգելել ռուսաստանաբնակ հայերի մուտքը Հայաստան։
Այո, շատ հավանական է, որ դաշնությունում ապրող մեր հայրենակիցներից շատերը, տեսնելով և մտահոգվելով Հայաստանի ներսում և Հայաստանի շուրջ տեղի ունեցող անդառնալի իրողություններով, ցանկություն ունենան հունիսին գալ Հայաստան և կատարել իրենց քաղաքացիական ընտրությունը։ Միգուցե նրանցից շատերը գան և ընտրեն հենց Փաշինյանին։
Բայց վերջինս, չգիտես ինչու, վախեցած է ռուսաստանաբնակ հայերից և նրանց քվեարկությունից։ Նրանց քվեարկությունը Փաշինյանի ու իր թիմի համար հիբրիդային պատերազմի գործիք է և վտանգավոր։
Փաստորեն ստացվում է, որ ադրբեջանցիները կարող են ազատ ելումուտ անել Հայաստան, գյուղերում փնտրել «իրենց պապական տները», Երևանի փողոցներում ազատ շրջել, տեսանյութ նկարել՝ Երևանը ներկայացնելով որպես Արևմտյան Ադրբեջանի մաս, տեսանյութը առանց կաշկանդվելու տարածել սոցիալական ցանցերում։ Դա վտանգավոր չէ։
Բայց ռուսաստանաբնակ հայերի մուտքը Հայաստան վտանգավոր է, և իշխանությունը ուզում է քայլեր ձեռնարկել՝ ընտրություններին ընդառաջ նրանց մուտքը ինչ-որ կերպ խոչընդոտելու ուղղությամբ։
Նաիրա Վանյան
