ՀՈՒՆԻՍՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍՐԱ ՄԱՍԻՆ ԵՆ

 Փաշինյանական իշխանությունը հերթական «Օվերտոնի պատուհանն» է բացել հայ հասարակության համար։ Այս տեխնոլոգիան արդեն «արդարացրել է» իրեն՝ ի օգուտ Փաշինյանի և նրա դրսի կարգադրիչների. նախ ներկայացվում են անհավանական սցենարներ, իրավիճակներ, հեռանկարներ։ Սկզբում հասարակությունը վրդովվում է, ըմբոստանում, բողոքում։ Հետո, երբ նման ներկայացումները կրկնվում են, աստիճանաբար աչքը, ականջը և, հետևաբար, միտքը սովորում են այդ անընդունելի թվացող իրողությանը։ Դա դառնում է սովորական երևույթ։

Հիմա Ալիևը, ի թիվս այլ պահանջների, առաջ է տանում նաև 300 հազար ադրբեջանցիներին Հայաստան «արտահանելու» ծրագիրը՝ համարելով, թե ադրբեջանցիները պետք է վերադառնան իրենց «պատմական հայրենիք՝ Արևմտյան Ադրբեջան»։ Ծրագիրն անարգել իրականացնելու համար Փաշինյանն անցել է գործի և լայնորեն բացել «Օվերտոնի պատուհանը»։ Վերջին շրջանում շատ են տարածվում տեսանյութեր, որոնցում ադրբեջանցիները, տանտիրոջ նման համարձակորեն, շրջում են Երևանի փողոցներում, կոչ անում իրենց հայրենակիցներին վերադառնալ իրենց «պապերի երկիրը»։ Ամասիայում շրջող ադրբեջանցին հանգիստ կանգնում է, տեսանյութ նկարահանում, բարևում հայ կնոջը, մոտենում հայ պարեկներին և հարցնում, թե ով է տեղի ամենատարեց մարդը, որպեսզի նրանից ճշտի իր «պապի տան» տեղը։ Նա դա անում է շատ հանգիստ ու ինքնավստահ, քանի որ գիտի, որ հայ պարեկը իր թանին թթու չի ասի. վերևից նման հրահանգ չկա։ Պարեկները հանգիստ զրուցում են և հեռանում, կարծես թե ոչ մի արտառոց բան չի եղել։ Մինչդեռ ԱԱԾ-ն և իրավապահ կառույցները պարտավոր են նման տեսանյութերը արագ հեռացնել համացանցից և գտնել «պապական տունը» փնտրող ադրբեջանցուն՝ նրանից բացատրություն պահանջելու կամ, առնվազն, ուղարկելու այնտեղ, որտեղից եկել է։ Սակայնՙ Հայաստանում իրավիճակ է փոխվել…

Հիմա համեմատություն անցկացնենք Մասիսում տեղակայված պարեկների և Ամասիայի պարեկների միջև։ Մասիսի պարեկները ագրեսիվ են, կասկածանքով են մոտենում տեղի բնակիչներին՝ մասիսցիներին, խիստ տոնով դիմում են, փաստաթղթեր պահանջում, մանրակրկիտ ստուգումներ անցկացնում։ Այստեղ, կարծես, մասիսցին է օտար՝ եկած թշնամական երկրից, որի ներկայությունը կասկածելի է թվում հայ իրավապահներին։ Մասիսում շարքային քաղաքացիների մոտ այս լարվածությունը խիստ վրդովմունք է առաջացրել։

Իսկ երբ համեմատում ենք Ամասիայում ադրբեջանցիներին հանգիստ ընդունած և ճանապարհած պարեկներին, հասկանում ենք, որ մեր երկրում այլևս անպաշտպան ու թիրախավորված ենք, և որ շատ կարճ ժամանակ անց, եթե այս իշխանությունը մնա, կարող ենք դառնալ ազգային փոքրամասնություն՝ բռնաճնշված և մեր տանը հանգիստ ապրելու ազատությունից զրկված։

Ամռանը ընտրություններ են։ Հայ ընտրողը պետք է ընտրություն կատարի այս իրավիճակների միջև. դառնա՞ ադրբեջանցիների իշխանության ներքո ապրող ազգային փոքրամասնություն, ենթարկվի բռնաճնշումների ու կտտանքների, ապա լքի իր երկիրը, ինչպես նախիջևանցիները, թե՞ ընտրի իր ազատ, անկախ, պաշտպանված տունը՝ հայրենիքը։ Ընտրությունը լինելու է այս երկու իրավիճակների միջև։

 ՆԱԻՐԱ ՎԱՆՅԱՆ