Ընդդիմադիր դաշտը բյուրեղանում է, ուժերը միավորվում են, ձևավորվում են դաշինքներ։ Թեև այս ընտրությունը գիտակից հայի ու քաղաքական գործչի համար չպետք է լինի մանդատի կռիվ, սակայն, մանդատամոլներ ու մանդատով իրենց անձնական, տնտեսական, բիզնես հարցերը լուծողներ, առևտուր անողներ բոլոր ընտրությունների ժամանակ էլ եղել են։ Բնականաբար, այս ընտրության ժամանակ էլ կլինեն նման առևտրի գնացողներ, եթե իշխանությունը, տվյալ դեպքում՝ Փաշինյանը, լավ պայմաններ առաջարկի։
Փորձը ցույց է տվել, որ խորհրդարան անցած nman «ընդդիմադիր» ուժերը երբեմն դարձել են իշխանության դաշնակիցներ՝ հանուն չաղ ու յուղալի պաշտոնների, հանուն ինչ-ինչ գործարքի։ Նման օրինակներ եղել են և, եթե չկան հստակ զսպող մեխանիզմներ, կրկնվելու վտանգ կա՝ անկախ երկրի առջև ծառացած ճակատագրական մարտահրավերներից։
Այս պայմաններում կարևոր է, որ ընդդիմադիր դաշտը հանդես գա խոշոր դաշինքներով, որպեսզի քվեները չփոշիանան։ Սակայն, դաշինքների ներսում անհամատեղելի թվացող ուժերի համադրությունը հասարակության մեջ կասկած է առաջացնում։ Մարդիկ փորձում են հասկանալ՝ ո՞վ է լինելու այն «ականը», որը վճռական պահին կպայթի, կփոշիացնի ընդդիմադիր ձայները և, ի վերջո, կմիանա իշխանությանը՝ ապահովելով Փաշինյանի վերարտադրությունը։
Մարդիկ հիշողություն ունեն։ Հիասթափությունների փորձ ևս ունեն։
Ուստի, իրենց ընդդիմադիր համարող բոլոր ուժերը պարտավոր են հրապարակային, գրավոր և համատեղ պարտավորություն ստանձնել, որ որևէ պայմաններում չեն դառնալու իշխանության վերարտադրության հենարան։ Թող դա չունենա իրավական ուժ, բայց կունենա քաղաքական ու բարոյական արժեք։
Թեև, նույնիսկ դա լիարժեք երաշխիք չէ։ Մենք արդեն ունեցել ենք հրապարակային խոստումներ՝ կնիքված «ինքնահայհոյանքի» հեռանկարով, որոնք հետագայում պարզապես ջրվել ու մոռացվել են։
ՆԱԻՐԱ ՎԱՆՅԱՆ
