Մինչ Նիկոլ Փաշինյանը շարունակում է դատարաններն ու բանտերը լցնել իր ընդդիմախոսներով, որոշ քաղաքական ուժեր, որոնք իրենց ընդդիմադիր են հռչակել, օր ու գիշեր քննադատում են ոչ թե իշխանությանը, այլ մյուս ընդդիմադիր ուժերին։ ։ Ընդդիմության ներսի այս ուժերը չեն կենտրոնանում Նիկոլ Փաշինյանի իշխանությունից հեռացնելու վրա, այլ ժամանակ ու էներգիա ծախսում են այլ ընդդիմադիր ուժերի քննադատության վրա։ Նրանց նպատակը, կարծես թե, ոչ թե իշխանափոխությունն է, այլ «ընդդիմությանը թիկունքից հարվածելը»՝ թույլ տալով Փաշինյանին վերարտադրվել և պահպանել իրենց քաղաքական դիրքերը։ Գոյություն ունեն նաև նախապաշարմունքներ՝ նոր ուժերի, ինչպես Սամվել Կարապետյանի նկատմամբ, որոնց քննադատությունը հաճախ հիմնված է ոչ թե փաստերի, այլ քաղաքական շահերի վրա։
Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Մարզահամերգային համալիրում տեղի ունեցած շնորհանդեսը ցույց տվեց, որ այս ուժը կարող է լինել Փաշինյանին իշխանությունից հեռացնելու կարևոր ուժ: Բայց, որոշ ընդդիմադիր կոչվածներ, չզլացան ու սկսեցին լաց ու կոծը դնել, թե՝ բա մեր Սահմանադրուոթյունը, բա մեր օրենքները: Դա այն դեպքում, երբ մասնագետները կետ առ կետ բացատրեցին, թե օրենքի սահմաններում ինչպես է լինելու նրա՝ վարչապետ առաջադրվելու գործընթացը: Այս մարդիկ, կարծես թե, չեն տեսնում, որ վերջին ութ տարվա ընթացքում ՀՀ Սահմանադրությունը ծվեն-ծվեն է արվել Փաշինյանի կողմից: Այդ մարդկանց ծպտունը դուրս չէր գալիս: Որոշ քննադատներ էլ Կարապետյանին թիրախավորում են՝ թե «ռսաստրուկ» է և Պուտինի կողմից ուղարկված «ագենտ»: Ի դեպ, դեռևս Արցախը հանձնված չէր, երբ իրենց խիստ ազգայնական հռչակած որոշ մարդիկ ասում էին՝ ավելի լավ է Արցախը տանք թուրքին, քան՝ ռուսին: Հիմա, երբ Արցախը նվիրվել է Արդբեջանին, տնավեր-բնավեր արցախցները այստեղ-այնտեղ ապրում են գաղթականի կարգավիճակում, այդ նույն մարդիկ իրենց տաքուկ տներում նստած վայելում են Արցախը ռուսին չտալու «բերկրանքը»: Հիմա, երբ Փաշինյանը Հայաստանը տանում է թուրքացման, կապիտուլիացիայի, մարդիկ մտահոգ» են, թե՝ Սամվել Կարապետյանը «ռսի մարդն է:

Ավելին, որոշ ընդդիմադիրներ կենտրոնացած են Ռոբերտ Քոչարյանի ու «Հայաստան» դաշինքի վրա՝ քննադատելով, թե ինչու նա 2021-ին չկարողացավ հաղթել: Այդ մարդիկ երկրորդ նախագահին համարում են Փաշինյանին պարտված գործիչ: Մինչդեռ, այս մարդիկ մոռանում են, որ Քոչարյանն իր նախագահության տարիներին չի պարտվել ո՛չ արտաքին, ո՛չ ներքին դաշտում: Նա, պարզապես 2021-ի ընտրությունների ժամանակ չի կարողացել հաղթել վարչապետ Փաշինյանի իշխանական լծակներին:
…Հիմա չհիշենք, թե ընդդիմադիր Նիկոլին ով պարտվեց… դրա ժամանակը չէ…
Այս մարդիկ նսեմացնում են նաև Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գործոնը՝ նրան համարելով «կարկատանով» հաղթած համայնքապետ: Այն դեպքում, որ Ղուկասյանը անգամ դատարանի դահլիճում կռիվ է տալիս, չի հանձնվում՝ ունենալով առողջական լուրջ խնդիրներ:

Ի՞նչ է ուզում ընդդիմության ընդդիմությունը: Տպավորությունն այնպիսին է, որ ընդդիմությանընդդիմությունը «տակից» ամեն ինչ կանի, միայն թե Նիկոլը վերարտադրվի, որպեսզի իրենք ճիշտ դուրս գան, թե ընտրությունների գնալը սխալ էր, Քոչարյանը թույլ է, Կարապետյանը ռսաստրուկ:
Գիտակից մարդիկ տեսնում են այս կեղտոտ խաղերը և ցեխշպրոցին մրցունակ ընդդիմադիր ուժերի վրա: Ինչպես կասեր դասականը՝ սիրուն չի…
Նաիրա Վանյան
