ՊԱՏԱՍԽԱՆԵ՞Լ ՆԻԿՈԼԻՆ, ԹԵ՞ ՉՊԱՏԱՍԽԱՆԵԼ. ԱՅՍ Է ԽՆԴԻՐԸ

Երեկ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը նորից սկսել կռվել նախկինների շողքի հետ, երբ պարգևավճարների հետ կապված «մռմռացնող» հարցեր ու մեղադրանքներ հնչեցին ընդդիմադիրների կողմից: Հարցին, որը գտնվում է ավելի շատ բարոյական օրենքների ծիրում, բնականաբար, Փաշինյանն ու իր թիմակիցները չունեն տրամաբանական պատասխաններ: Մեկն ասում է՝ մենք պիտի լավ հագնվեռնք, որ թոշակը բարձրանա: Մյուսն ասում է՝ այնքան ենք հոգեպես ու ֆիզիկապես տանջվում, որ արժանի ենք այդ պարգևավճարներին: Փաշինյանն էլ մտավ իր դերի մեջ ու սկսեց կռիվ տալ «նախկինների թալանի» հետ: Նա կրկնեց  ճամպրուկներով փող ստանալու և ծրարով բաժանելու հայտարարությունը, դահլիճում նստած պատգամավորներին, փաստացի, մեղադրեց նախկին ղեկավարներից ծրարով փող ստանալու մեջ: Այստեղ հիշեց նաև վաղուց «մոռացված», բայց քաղաքական դաշտից չհեռացած Միշիկի՝ Միքայել Մինասյանի անունը:

Ընդդիմադիր պատգամավորն էլ հիշեցրեց, որ միակ մարդը, ում Մինասյանը փող է տվել և այդ մասին հայտարարել է հրապարակավ, դա հենց ինքն է՝ «Հայկական ժամանակի» նախկին խմբագիր Նիկոլ Փաշինյանը: Հիշեցնենք, որ Միքայել Մինասյանը ժամանակին  ինչ-որ անհասկանալի խոհանոցում բավականին աղմկահարույց բացահայտումներ էր անում  Նիկոլի ու իր թիմակիցների մասին: Դրանցից մեկի ժամանակ նա ասաց, որ իր ընտանիքի մասին սուտ լուրեր չհրապաակելու պայմանով գնացել է գործարքի և ֆինանսավորել է «Հայկական ժամանակ» թերթին՝ «վազվրատ» թերթերի համար վճարելով:

Մինասյանի այս հայտարարություն-բացահայտումը միանշանակ չընդունվեց. երկրի առաջին դեմքին հավասարազոր մարդը, ով ուներ բոլոր լծակները իրավական ճանապարհով լռեցնելու իր ընտանիքի դեմ կեղծ լուրեր տարածողին, մտել է խեղճ ու կրակի դերի մեջ է ու որոշել «մուծվել» թերթի խմբագրին, որպեսզի նա այլև իր երեխաների՝ ոսկեզօծ ու ադամանդակուռ «սոսկաների» մասին կեղծ լուրեր չգրի:

Այս հայտարարությանը Նիկոլ Փաշինյանը որևէ կերպ չարձագանքեց: Իսկ երեկ, լսելով այդ մասին, ընկավ հիստերիայի մեջ, ասելով՝ ասողը գլուխը պատով է տալիս. Միշիկը գլուխը պատով է տալիս: Հետո, ակնհայտորեն, իր խոսույթը մեղմեց, ներողություն խնդրեց և ասաց. չեմ լսել: Հանձնարարեց իր աշխատակազմին՝ գտնել այդ հայտարարությունը…

Մարդը, ով լավ գիտի, թե իր ֆեյսբուքյան գրառումներտակ ով ինչ է գրում, վատ-վատ գրառումների հեղինակների ետևից քննիչներ է ուղարկում, հիմա ասում է, որ չի լսել այն հայտարարությունը, որի մասին ամբողջ հանրապետությունն էր խոսում:

Հիմա Միքայել Մինասյանն ունի երկու տարբերակ. կամ փաստերով ապացուցել իր հայտարարության հավաստիությունը և Փաշինյանի հերթական սուտը ջրի երես հանել, կամ լռել՝ հիմնավորելով Փաշինյանի խոսքերը:

Սա ծանր ընտրություն է, քանի որ երկու տարբերակն էլ անշահեկան են Մինասյանի համար…Առհասարակ, այս թեմայի թարմացումն էր անշահեկան…

Նաիրա Վանյան