Թե ինչ է կատարվելու ՔՊ-ի ներսում՝ իշխանությունից հեռանալուց հետո, կարելի է կանխատեսել. Մարդիկ, ովքեր այսօր փողի փայլի կամ կոմպրոմատների ազդեցության տակ Փաշինյանի ձեռքին գտնվում են կիսապատանդի կարգավիճակում, վաղը, երբ վերջինս այլև վարչապետ չլինի, նրանք բոլորը կսկսեն ցուցմունքներ տալ առաջին հերթին հենց իր դեմ: Եւ այնպիսի բացահայտումներ կանեն, որ Փաշինյանն ինքը կմնա զարմացած: Ու, ոչ միայն Փաշինյանի դեմ. ցուցմունքներ կտան մեկը մյուսի դեմ, քանի որ բոլորին պետք է լինելու ջրիցց չոր դուրս գալ: Իսկ դրա համար պետք է մեղքը բարդել ուրիշների վրա: Այդ «նուրբ արվեստը» նրանք այս տարիներին սովորել են Փաշինյանից ու կկիրառեն հենց նրա դեմ:
Ասվածի ապացույցն է Սուրեն Պապիկյանի՝ ասուլիսում հնչեցրած խոսքը. լրագրողը նախարարին հարց ուղղեց ադրբեջանական դիրքերի միջով մեր զինվորների ծառայության գնալու փաստի մասին եւ ասաց.«Ազերիները Սյունիքի դիրքեր բարձրանալիս ստուգում են մեր զինվորներին, ինչի՞ եք նվաստացնում մեր զինվորներին, կարո՞ղ է Պուտինի կոշիկները լիզելուց բողոքող ձեր իշխանությունը անցել է Ալիևի կոշիկին»:
Սուրեն Պապիկյանը պատասխանեց.«Խոսքը Սև Լճի մի դիրքի մասին է, որին հասանելիություն, ցավոք սրտի… Այսինքն, ընտրանքը հետևյալն է՝ կա՛մ պիտի այդ դիրքը թողնենք, կա՛մ պիտի անցնենք ադրբեջանական դիրքի կողքով: Սա հստակ է, նոր չէ, ես չեմ դրա հեղինակը՝ որպես Պաշտպանության նախարար, ես չեմ դրա միակ շահառուն: Բայց էն, որ դիրքը թողնելու պարագայում դուք ինձ պետք է մեղադրեք հայրենիքի ինչ-որ հատված զիջելու մեջ… Այո, կա իրականություն. մեր զինվորները անցնում են ադրբեջանական դիրքի կողքով՝ այսպես կոչված՝ «բլոկ պոստով»:
Ընդգծենք բանալի բառերը. «Ես չեմ դրա հեղինակը՝ որպես Պաշտպանության նախարար, ես չեմ դրա միակ շահառուն»:
Ընդամենը մեկ տհաճ հարց, այն էլ՝ ոչ ԱԱԾ քննիչի կողմից, այլ՝ լրագրողի և, ՔՊ-ական նախարարը՝ Փաշինյանի թիմի կարկառուն դեմքերից մեկը, իրեն դուրս բերեց մեղադրանքի շրջանակից, դուրս բերեց թիմային պատասխանատվությունից՝ մեղքը անուղղակիորեն բարդելով «շեֆի»՝ Նիկոլ Փաշինյանի վրա: Չէ՞ որ վերջինս ասել է, որ ինքը Գերագույն գլխավոր հրամանատարն է, որ կառավարությունը ինքն է: Այնուամենյանիվ, Պապիկյանը մոռանում է, որ երբ գա պատասխան տալու ժամանակը, երկրի կառավարման բոլոր ձախողումների պատասխանատուն ոչ միայն Փաշինյանն է լինելու, այլ ամբողջ կառավարական կազմը, իրենց ՔՊ-ական թիմը: Հետևաբար, որքան էլ մեղավորության շրջանակից իրեն դուրս բերելու ջանքեր թափի, Պապաիկյանի փորձերը մատնված են ձախողման…Փաշինյանը չի թողնի, որ միակ պատասխանատուն ու միակ մեղավորը մնա ինքը…
ՆԱԻՐԱ ՎԱՆՅԱՆ
