Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպան Խալիլ Շիրղոլամին, այսօրվա ասուլիսում, ըստ էության, մեղադրեց հայկական կողմին դեսպանատան դիմաց ընթացող բողոքի ակցիաները թույլատրելու համար։
«Արդեն 6 օր է՝ երեկոյան 6-ից 9-ը մենք ականատես ենք լինում, որ մի խումբ հավաքվում է Իրանի դեսպանատան առաջ, շատ անհարգալից, վիրավորական արտահայտություններով են հանդես գալիս։ Ի հեճուկս այն բանի, որ մենք շարունակաբար հնչեցնում ենք մեր բողոքը, այս գործընթացը շարունակվում է։ Մենք ամենադժվար պահերին կանգնել ենք Հայաստանի ժողովրդի և կառավարության կողքին, օրինակները շատ են։ Մենք այսօր ծանր իրավիճակի մեջ ենք, և այն իրադարձությունը, որ այսօր տեղի է ունենում Իրանի դեսպանատան դիմաց, կմնա Իրանի ժողովրդի պատմական հիշողության մեջ։ Կարծում եմ՝ շատ հստակ ասացի»,- հայտարարեց նա:
Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք այս ամենը կարո՞ղ է որոշակի ազդեցություն ունենալ նաև հայ-իրանական հարաբերությունների վրա՝ դեսպանը նշեց՝ բազմիցս համապատասխան դիտարկումներ են փոխանցել պատկան մարմիններին։
Ըստ նրա՝ Թեհրանում ձևավորվում է նմանօրինակ մի պատկերացում, որ Հայաստանը դառնում է մի կենտրոն Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի գործողությունների համար
