ՄԱՐՄԱՐԱՇԵՆՑԻՆԵՐԸ ԴԺԳՈՀ ԵՆ

Մասյացոտնի թեմի պաշտոնազուրկ առաջնորդ Գևորգ սրբազանը Մասիս համայնքի Մարմարաշեն գյուղից է, այստեղ է ապրում: Այն բանից հետո, երբ նա միացավ Փաշինյանի նախաձեռնած հակաեկեղեցական շարժմանը և հանրության կողմից ստացավ «տիրադավ» անունը,  Ամենայն Հայոց Կաթողիկոսի հունվար 10, 2026 թվակիր Հայրապետական տնօրինությամբ  ազատվեց թեմակալ առաջնորդի պաշտոնից։ Տնօրինության համար հիմք են ծառայել առաջնորդի հանգամանքը չարաշահելու, պարտականությունների մեջ թերանալու, թեմի եկեղեցականաց նկատմամբ հարկադրանք ու ճնշումներ գործադրելու պարագաները։ Հայրապետական տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ է նշանակվել Հոգեշնորհ Տ․ Ռուբեն վարդապետ Զարգարյանը։

Ինչպես գիտենք, սակայն, Գևորգ սրբազանը չի լքում թեմի առաջնորդանիստ եկեղեցին:

Գևորգ Սրբազանն ապրում է Մասիսի Մարմարաշեն համայնքում: Մարմարաշենցիները դժգոհում են, որ այս իրադարձություններից հետո իրենց՝ երբեմնի խաղաղ ու հանգիստ գյուղը դարձել է ոստիկանական «պոլիգոն», ոստիկանական մեծ խմբեր ոչ միայն Սարոյանի տան մոտ են գիշերները քնում-զարթնում՝ ավտոբուսի մեջ, այլև քաղաքացիական հագուստով շատ ոստիկաններ ամբողջ օրը շրջում են գյուղի փողոցներում, խոշորացույցի տակ պահում իրանց առօրյայով զբաղված, աշխատանքի գնացող-եկող գյուղի տղամարդկանց, երիտասարդ տղաներին: Դա ներքին լարվածություն է ստեղծել գյուղում, մարդիկ իրենց իսկ համայնքում իրենց զգում են հոգեբանական անհարմարավետության մեջ: «Իհարկե, Գևորգի նման արարքը մեզ շատ է վրդովեցրել, նա դեմ է դուրս եկել մեր եկեղեցուն: Մեր գյուղը Մասիսում միշտ աչքի է ընկել իր լավ տղաներով, ովքեր արցախյան առաջին եւ 44-օրյա պատերազմում ակտիվ դերակատարում են ունեցել: Մեր գյուղն ավանդապաշտ գյուղ է՝ իր ներքին կարգուկանոնով, ավանդույթներով: Մեր գյուղում չկա կրիմինալ, մենք շարքային գյուղացի մադրիկ ենք,  զբաղվում են մեր աշխատանքով, մի գյուղի մարդիկ ենք: Եվ մենք չէ, որ պետք է  տանք Գևորգի արարքի գնահատականը:  Ինքն էլ է մեր գյուղի տղա: Հետո ինչ, որ մոլորվել է ճիշտ ճամփից: Մենք հո հանցագործներ չենք, որ նրա հետ հաշվեհարդար տեսնենք: Դա Աստծո և օրենքի գործն է: Թող չվախենա, էս մելիցեքին հանի մեր գյուղից, ամո՛թ է…»,- ասում են մարմարաշենցիները, ովքեր չեն ուզում հրապարակել իրեց անունները…