Հարցազրույց Մասիս համայնքի նորընտիր ղեկավար Նորայր Հակոբյանի հետ, ով քաղբանտարկյալ քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի հրաժարականից հետո համայնքի ավագանու նիստում ընտրվեց քաղաքապետ
— Դուք երկար տարիներ եղել եք Մասիսի փոխքաղաքապետ, խոշորացված համայնքի ղեկավարի առաջին տեղակալ, համայնքն իր խնդիրներով գիտեք հիմնովին: Բայց, ղեկավարի կարգավիճակն ավելի պատասխանատու է: Ինչպե՞ս եք կարողանում կազմակերպվել առանց Դավիթ Համբարձումյանի:
— Արդեն շուրջ մեկ ամիս է, ինչ զբաղեցնում եմ Մասիս համայնքի ղեկավարի պաշտոնը: Իհարկե, բարդ է, քանի որ, որքան էլ տիրապետում եմ համայնքի խնդիրներին և դրանց լուծումներին, քիչ է, քանի որ մեր թիմի առաջնորդ և համայնքի նախկին ղեկավար Դավիթ Համբարձումյանը զբաղվում էր ոչ միայն համայնքային, այլ նաև բնակիչներին հուզող ցանկացած հարցով՝ այդ թվում անձնական խնդիրներով: Փորձում եմ շարունակել այդ աշխատելաոճը․․․
— Դուք մինչեւ հիմա հիմնականում աշխատում էիք փաստաթղթերի հետ, աշխատասենյակում: Վերջերս շրջայցեր եք կատարում վարչական շրջաններ: Ի՞նչ նպատակ ունի դա եւ ի՞նչ եզրահանգման եք գալիս: Շա՞տ գործեր կան դեռ անելու:
— Այո, ճիշտ եք, այն ժամանակ զբաղեցնելով առաջին տեղակալի պաշտոնը, հիմնականում զբաղված էի փաստաթղթաշրջանառության գործերով, խնդիրներն ու դրանց լուծումը տեսնում էի միայն թղթի վրա։ Շրջայցերիս նպատակը արվող և պլանավորված աշխատանքներին տեղում ծանոթանալն է, բնակիչների առաջարկությունները տեղում հավաքագրելը, խնդիրների լուծման հերթականությունը ճիշտ գնահատելն է։ Իրականում բոլոր վարչական բնակավայրերում իրականացվել են ահռելի աշխատանքներ, որոնք ավելի մեծ ծավալով կշարունակվեն 2026-ին։
— Ավագանու նիստերի ժամանակ Դավիթ Համբարձումյանը ընդդիմադիրների սուր հարցերին հանգիստ ու համբերատար էր պատասխանում, սուր անկյունները հարթեցնում էր: Դուք, կարծես, ավելի կտրուկ եւ «մարտական» եք տրամադրված:
— 2021 թվականի Մասիս համայնքի ընտրություններից հետո «Դավիթ Համբարձումյան» դաշինքը բացարձակ հաղթանակ տարավ ընտրություններում: Շուրջ չորս տարի «Քաղաքացիական Պայմանագիր» խմբակցությունը որևէ առաջարկությամբ կամ ելույթով հանդես չի եկել, սակայն, վերջին նիստում, որոշեցին քաղաքական շոու իրականացնել, որը, բնականաբար կանխվեց։ Ինչու՞ եմ ասում քաղաքական շոու, քանի որ ելույթներից հետո նրանց տրվեցին հստակ պատասխաններ: Բայց, նրանք փորձ արեցին մոլորեցնել բնակիչներին և սոցիալական ցանցով տարածեցին, թե՝ իրենք եղել են մանկապարտեզներն անվճար դարձնելու նախաձեռնող։ Ընդամենը մեկ բան ՝ հաջորդ տարվա ֆինանսական հարցերի պլանավորումը սկսվում է առնվազն 5 ամիս առաջ։ Ուստի, այդ մասին աղմկելը, երբ տարին մի քանի օրից ավարտվում է, մանիպուլիացիա է:
Այո, Դավիթ Համբարձումյանը որքան էլ սկզբունքային կոշտ ընդդիմադիր դիրքերից էր հանդես գալիս, համայնքում երբեք տարբերակում կամ քաղաքական թեժ մթնոլորտ չի ստեղծել։ Համայնքը քաղաքական վայրիվերումներից հեռու է պահել միշտ։ Ես նույնպես դա եմ ցանկանում, բայց եթե կլինի անտեղի խառնակչության փորձ, կլինի համարժեք պատասխան ։
Ճիշտ եք, գուցե, ես ավելի կտրուկ եմ, քանի որ մեր թիմի ղեկավարը, իմ ընկերը՝ Դավիթ Համբարձումյանը, գտնվում է ապօրինի անազատության մեջ: Իսկ դա չի կարող ներքուստ չանդրադառնալ իմ կամ մեր թիմի տրամադրվածության կամ հոգեվիճակի վրա։ Դավիթ Համբարձումյանի կալանավորումը և ազատությունից ապօրինաբար զրկելը ոչ միայն իր թիմի,այլև բնակչության վրա է ազդել, քանի որ նա իսկապես ընդունված և հարգված ղեկավար է եղել: Օրական շատ-շատ բնակիչներ հետաքրքրվում են նրա որպիսությամբ։ Մասիսում, անգամ, այս իշխանության համակիրներն են վրդովված Համբարձումյանի կալանավորմամբ: Իրականում հաճելի է, երբ ընկերոջդ, ղեկավարիդ այդքան ընդունում են, բայց բարդ է շարունակել նույն ձևով աշխատել…
— Չե՞ք մտահոգվում, որ Ձեզ նունպես կարող են ձերբակալել, ինչ-որ շինծու գործեր հարուցել՝ համայնքային իշխանությունը ընտրություններից առաջ վերցնելու համար:
— Թե՛ որպես համայնքի ղեկավարի առաջին տեղակալ, թե՛ որպես համայնքի ղեկավար, իմ աշխատանքը կազմակերպում եմ հանուն Մասիս համայնքի և յուրաքանչյուր բնակչի: Ես այնպիսի բան չեմ արել, որ անհանգստանամ: Բայց, շինծու մեղադրանքներից և քրեական գործերից այսօր ոչ ոք ապահովագրված չէ եւ, ես, բնականաբար, չեմ վախենում։ Ձերբակալություններից, կալանավորումներից մեր տեսակը չի վախենում, քանի որ ի վերջո հաղթում է արդարությունը…
— Դավիթ Համբարձումյանի հետ շփվելու հնարավորություն ունե՞ք: Ինչպիսի՞ն է նրա տրամադրությունը, ինչպե՞ս է վերաբերվում Գևորգ սրբազանի քայլերին: Չէ՞ որ նրանք մտերիմ էին, Համբարձումյանը, կարծես թե, վստահում էր նրան, միշտ տարբեր հարցերում թեմի կողքին էր:
— Դավիթ Համբարձումյանի հետ շփումներ ունեմ փաստաբանների միջոցով: Տրամադրությունը բարձր է՝ իր սկբունքներին և տեսակին հավատարիմ: Սրբազանի հետ կապված չեմ հարցրել: Բայց, Ճանաչելով նրան և նրա մոտեցումները Հայ Առաքելական սուրբ եկեղեցու նկատմամբ , վստահ եմ, որ, անկախ անձերից և կարգավիճակներից, ով դուրս է եկել եկեղեցու դեմ, վեհարանի դեմ, փորձում է պառակտել եկեղեցին ներսից, ապա շատ վատ է վերաբերվելու և չի կարող լինել նրան մտերիմ։ Դա իմ կարծիքն է: Համբարձումյանը մոտ է եկեղեցուն, այլ ոչ՝ անձերին
Նաիրա Վանյան
