ՆՄԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՁԵՌՔԻՆ ԽՈՑԵԼԻ ԵՆ ԲՈԼՈՐԸ, ՆԱԵՒ՝ ԴՈՒՔ

Մարտուն Գրիգորյանն իր ֆբ էջում գրել է.
«Ախր, ասողին լսող էր պետք։
Քարոզարշավի վերջին օրերից սկսած մանրամասն՝ դրվագ առ դրվագ ասում էի ու զգուշացնում, թե ՔՊ-ն գյումրեցիների դեմ ի՞նչ սցենար է նախապատրաստում, թե խոցելի թեկնածուի դեպքում ինչպես են պատրաստվում քաղաքը տանել։ Ստիպված եմ մեջբերել ապրիլի 3-ին իմ կողմից արված և հանրության կողմից անչափ սպասված հայտարարությունից մի հատված․ «Թե ի՞նչ կլինի հետո ու ինչպես կվարվեն տվյալ մարդու հետ՝ լավ հիշեք այս օրը։ Գյումրին կտանե՞ն Վանաձորի ճանապարհով, թե ոչ՝ տա Աստված, որ սխալված լինեմ»,- մեջբերմանս ավարտ։
Ինձ այդ օրերին անխնա քննադատեցին՝ դանդաղելու, երկար մտածելու և որոշումս ուշ հրապարակելու համար, տեսա՞ք շտապողականության արդյունքը։ Դրա համար պետք էր հաշվի առնել փորձ ունեցող, քաղաքական ճանապարհ անցած ու նմանատիպ փորձությունների միջով անցած մարդու կարծիքը և չառաջնորդվել պահի ազդեցությամբ, էմոցիաներով, քաղաքական վախվորածությանը տուրք տալով։
Այս պարագայում ափսոսում եմ, որ այս հարցում ես ճիշտ էի, դուք՝ սխալվեցիք»։
  Հիշեցնենք, որ գարնանը Գյումրիում կայացած ՏԻՄ ընտրություններին մասնակցած եւ անցողիկ շեմը հաղթահարած «Մեր քաղաքը» դաշինքի ցուցակը գլխավորող Մարտուն Գրիգորյանից էր կախված՝ Վարդան Ղուկասյանը կդառնա՞ քաղաքապետ, թե Գյումրին կանցնի իշխանության ձեռքը: Մարտուն Գրիգորյանի՝ որոշում կայացնելը բավականին ծանր էր, քանի որ Ղուկասյանի ու իր մեջ երկար տարիների «հակամարտություն» կար: Մինչ Մարտուն Գրիգորյանը կտար իր համաձայնությունը՝ իրենց քվեներով ապահովել Վարդան Ղուկասյանին քաղաքապետ ընտրելուն, արժանացավ բուռն քննադատությունների: Նա, ընտրապայաքարի մեջ մտնելով, պետք է պատրաստ լիներ, որ կարող է կանգնել նման ընտրության առաջ՝ անձնակա՞ն, թե՞ պետական շահ: Ինչեւէ, այս դժվար ընտրության մեջ Գրիգորյանը կատարեց վերանձնական որոշում եւ համայնքապետ ընտրվեց Վարդան Ղուկասյանը:  Իր ընտրության դժվարությունը Գրիգորյանը բացատրում էր Ղուկասյանի խոցելիությամբ, որ իշխանությունը կարող է նրան զրկել ազատությունից եւ կկրկնվի Վանաձորի սցենարը:
 Գրիգորյանի դեմ քննադատությունները մարեցին միայն այն բանից հետո, երբ նա տվեց իր համաձայնությունը:
 Սակայն, ակնհայտ է, որ նրա մոտ «նստվածք» են թողել այդ քննադատությունները եւ,  ինքն առիթ էր փնտրում՝ այդ նստվածքը դատարկելու: Ու այդ առիթը եղավ  Գյումրու քաղաքապետարանում երեկվա տեղի ունեցածն ու Ղուկասյանի կալանավորումը: Հիմա Մարտուն Գրիգորյանն ասում է՝ բա որ ասում էի…
 Մի բան հաշվի չի առնում Գրիգորյանը, որ այս իրավիճակում Վարդան Ղուկասյանի անձով չէ պայմանավորված իշխանության գործողությունները, այլ պայմանավորված է նրա քաղաքական դիրքորոշմամբ ու հայտարարություններով: Եթե Գյումրու քաղաքապետ լիներ ինքը՝ Մարտուն Գրիգորյանը, եւ հանդես գար Փաշինյանին քննադատող հայտարարություններով այնպես սուր, ինչպես Վարդան Ղուկասյանը, ապա կարժանանար նույն ճակատագրին: Այստեղ ու այսօր խոցելի են բոլորը, ովքեր քննադատում են Փաշինյանին՝ հոգեւորականներից մինչեւ քաղաքական գործիչներ, համայնքնապետեր, փաստաբաններ, շարքային քաղաքացիներ, զոհվածների ու անհայտ կորածների ծնողներ: Իսկ այսօր Ղուկասյանին խոցելի համարելով Գրիգորյանը ջուր է լցնում իշխանության ջրաղացին եւ լեգիտիմացնում բռնաճնշումները:
Հ/Գ  Ի դեպ, նախընտրական շրջանում  Մարտուն Գրիգորյանի հորը` Կամո Գրիգորյանին, նույնպես ձերբակալել էին՝ «շեբեն» լցնելու համար։ Խոցելի՞ էր Կամո Գրիգորյանը…
ՆԱԻՐԱ ՎԱՆՅԱՆ