Փաշինյանը չի դադարում եկեղեցու դեմ մղվող պատերազմը: Բագրատ եւ Միքայել սրբազաններին ազատությունից զրկելուց հետո հիմա անցել է մյուս հոգևորականներին: Այսօր Երևանի քննչական վարչություն են տարվել 5 հոգևորական՝ Տեր Փառեն, Տեր Մանուկ, Տեր Հայկ, Տեր Մկրտիչ, Տեր Ղևոնդ քահանաները, ։ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի գտնվելու վայրը շարունակում է մնալ անհայտ։
Դեռեւս ոչ վաղ անցյալում Փաշինյանը լույսը բացվելուն պես ֆեյսբուքյան «բարի լույս» էր տալիս կաթողիկոսին՝ հարցադրումներով, թե՝ ճի՞շտ է, որ նա երեխա ունի: Կաթողիսկոսին դիմում էր գավազանի անունով ՝«Կտրիճ Ներսիսյան»-ով: Ի՞նչ փոխվեց, Փաշինյանը ճշտե՞ց այդ հարցի պատասխանը, թե ոչ, հայտնի չէ: Սակայն, փաստ է, որ նա դադարեցրեց իր հարձակումը Գարեգին Բ-ի վրա այն բանից հետո, երբ Մայր Աթոռի տաճարի բակից բերման ենթարկվեց, Միքայել Սրբազանը: Փաշինյանը «մոռացավ» Գարեգին Բ-ի կուսակրոնության հարցը: Փոխարենը, մյուս հոգեւորականներին հիշեց. Միքայել սրբազանը դատվեց ու դատապարտվեց երկու տարվա ազատազարկման: Բագրատ Սրբազանը դեռ դատվում է: Այսօր էլ հերթը հասավ Արագածոտնի թեմին…Երեկ գիշեր խուզարկել են Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տունը, ապա նրան տեղափոխել են ՔԿ։ Արագածոտնի թեմի առաջնորդը Գարեգին Բ-ի քրոջ որդին է:
Հիշենք մոտ մեկ տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունները. Սրբազան շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը սեպտեմբերի 22-ին Մարզահամերգային համալիրում մեծ հանրահավաք կազմակերպեց: Այդ օրը տրվելու էր ակտիվ գործողությունների մեկնարկը: Ընդդիմադիր ուժերը՝ ՀՅԴ-ն եւ ՀՀԿ-ն լավ պատրաստված, բազմամարդ խմբերով եկել եւ համալիրը լեփ լեցուն էին դարձրել: Հավաքից հետո պետք է շարժվեին Սահմանադրական դատարանի մոտ, շրջափակեին բարձր դատարանի շենքը՝ պահանջելով դադարեցնել Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի սահմանադրականության հարցի քննությունը, որը պետք է քննվեր այդ օրը։
Մարդիկ կազմ-պատրաստ ներկայացել են հավաքին: Համալիրում մեծ էներգետիկա կար: Սակայն, Համալիրի բեմահարթակից Բագրատ Սրբազանի հայտարարությունը, որ ակտիվ գործողությունները սկսվելու հոկտեմբերի 2-ից, շատերի համար սառը ցնցուղ եղավ…

Արդեն հայտնի էր դարձել, որ սեպտեմբերի 28-ին եւ 29-ին կայանալիք Մյուռոնօրհնությանն ու նորոգված Մայր տաճարի վերաօծմանը Մայր Աթոռից հրավիրված են նաեւ իշխանության բարձրաստիճան պաշտոնյաները: Այսպես որոշել էր Գերագույն հոգեւոր խորհրդի ժողովը՝ Կաթողիկոսի գլխավորությամբ: Այս որոշումը միանշանակ չէր ընդունվել հոգեւոր բարձր դասի կողմից, եղել են նաեւ ընդդիմացողներ. շատերը չեն պատկերացրել, թե ինչպես պետք է նույն տարածքում գտնվեն հայրենատու իշխանության կողքին ու հանգիստ մասնակցեին այս կարեւոր հոգեւոր արարողությանը:
Իսկ Բագրատ Սրբազանը հայտնվեց շատ անհարմար իրավիճակում: Կաթողիկոսի այս քայլը, պարզապես, թիկունքից հարված էր Բագրատ Սրբազանին ու նրա առաջնորդած ընդդիմադիր պայքարին: Բագրատ Սրբազանն այդ օրերին անում էր այն, ինչը պարտավոր էր անել հենց կաթողիկոսը. նա վաղուց պետք է դուրս գար՝ հայրենիքի առջեւ ծառացած վտանգները չեզոքացնելու, հայրենատու իշխանության դեմ պայքարի, պետք է առաջնորդեր իր հոտին: Բայց…Գարեգին Բ-ն այդ իշխանությանը հրավիրեց Մայր Աթոռի վերաօծման արարողությանը մասնակցելու: Այդ օրը Մայր Տաճարի ներսում արարողությանը մասնակցում էին Փաշինյանը, իր կինը, Վահագն Խաչատուրյանը եւ իրենց մյուս թիմակիցները՝ Ալեն Սիմոնյանը, Ռուբեն Ռուբինյանը, Հակոբ Արշակյանը, Անդրանիկ Քոչարյանը, Վլադիմիր Վարդանյանը, Ժաննա Անդրեասյանը: Այտեղ չէին Բագրատ եւ Միքայել Սրբազանները. կաթողիկոսը նրանց արդեն հանձնել էր …

Հավանաբար, Գարեգին Բ-ն հույս ուներ, որ այս քայով կսիրաշահի Փաշինյանին ու իրենց մեջ կստեղծվի բարիդրացիական հարաբերություններ: Ի՞նչ իմանար նա, որ տարին չբոլորած՝ Փաշինյանը աշխարհով մեկ խայտառակ է անելու իրեն, թե բա՝ ասա տեսնեմ՝ ի՞նչ մեղքեր ես գործել, կուսակրոնությունդ պահե՞լ ես, թե ոչ:
Իսկ ս/թ հունիսի 27-ին, երբ Մայր Աթոռի տարածքում շարքային քաղաքացիները հավաքվել էին ՝ պաշտպանելու Միքայել Սրբազանին եւ թույլ չտալու ԱԱԾ-ականներին՝ նրան բերման ենթարկել, կաթողիկոսը ժպիտը դեմքին նրան ուղեկցեց իրավապահների մեքենան…

Դրանից հետո, Փաշինյանը, կարծես թե մոռացավ հարցը՝ Գարեգին Բ-ն պահե՞լ է կուսակրոնությունը, թե ոչ… ու ընկավ մյուս հոգեւորականների ետեւից: Բայց, իհարկե, նա նորից ետ կգա իր հարցերի ետեւից…
ՆԱԻՐԱ ՎԱՆՅԱՆ
