ԱՌԱՋԻՆԸ ՊԵՏՔ Է ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԼԻՆԻ

Դուշանբեում  տեղի է ունենում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը։ Ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել են Ալիևի ելույթը, որտեղ նա խոսել է նաև Բերձորը (Լաչինը) այս տարի ԱՊՀ մշակույթի մայրաքաղաք հռչակելու մասին․ «Շնորհակալություն եմ հայտնում ԱՊՀ պետությունների ղեկավարներին՝ Ադրբեջանի Արևելյան Զանգեզուրի շրջանի Լաչին քաղաքի՝ այս տարի ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի թեկնածությանը աջակցելու համար:

Հիշեցնենք, որ այս տարվա հունիսին Լաչինում տեղի ունեցավ «ԱՊՀ մշակույթի մայրաքաղաքի տարվա» բացման արարողությունը, որի ընթացքում ներկայացվեց տեղեկատվություն «այս հին ադրբեջանական հողի պատմության և մշակութային ժառանգության մասին»:

Ալիեւը, սակայն, անշնորհակալի նման մոռանում է առանձնահատուկ շնորհակալ լինել ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանին: Քանի որ Արցախը Ադրբեջանին նվիրեց հենց ինքը: Հենց Փաշինյանն է հայտարարել Արցախը Ադրբեւանի մաս, որը, ըստ նրա, իբր, օկուպացված է եղել ՀՀ-ի կողմից: Եթե Փաշինյանի փոխարեն Հայաստանում լիներ ազգային եւ պետականամետ ղեկավար, ով, ոչ թե կկատարեր Ալիեւի կամայանարությունները, այլ առաջ կքաշեր ազգային շահեր, միջազգային ասպարեզում կբողոքեր, կբարձրաձայներ ցեղասպանության սպառնալիքի տակ հայաթափված Արցախի մասին, այդ դեպքում ԱՊՀ որեւէ երկրի ղեկավար, դժբվար թե, մտներ նման վիճահարույց թեմայի մեջ եւ Լաչինը համարեր ադրբեջանական քաղաք: