Երեկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը, ինչպես միշտ, հագեցած էր ասելիքով, հարցերն ունեին հստակ պատասխաններ՝ առանց կեղծ պաթոսի ու առանց պոպուլիզմի:
Առանձնացրել ենք մի քանի կարեւոր ոլորտների հարցեր, որոնց նախագահը տվեց հստակ ու համոզիչ պատասխաններ:
Ներքաղաքական դաշտ
Հայաստանյան ներքաղաքական դաշտում կան ուժեր՝ թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր թեւի, որոնք լծված են Ռոբերտ Քոչարյանին համոզելու՝ դուրս գալ քաղաքական պայքարից, չմասնակցել ընտրություններին, առհասարակ, հեռանալ քաղաքական արենայից: Իշխանությունն իր ոճի մեջ է ուզում, իր կարծիքով, «փչացնել» Քոչարյանի եւ նրա թիմի անունը, ասելով, թե այս ընդդիմությունը «գանձ» է իրենց համար: Ընդդիմադիր որոշ ուժեր էլ իրենց հերթին են տարբեր մանիպուլիացիաներով փորձում վարկաբեկել Քոչարյանին եւ համոզել, թե ընտրազանգված չունի, ժողովուրդը իրեն չի սիրում, պարտվելու է, նրա մասնակցությամբ ընտրություններին Նիկոլն ընտրվելու է: Երեկ Ռոբերտ Քոչարյանը տվեց այս բոլորի հստակ պատասխանները եւ անուղղակիորեն ասաց, որ քաղաքական դաշտը լքել չի պատրաստվում: Նաեւ՝ հիմնավորեց, թե ինչու.
«Իմ թիմը մասնակցելու է առաջիկա ընտրություններին։ Եթե մեր թիմում հայտնվի մեկը, ով՝ ըստ սոցիոլոգների, ավելի շատ ձայներ կարող է հավաքել, ես միայն ուրախ կլինեմ։ Դա սկզբունքային հարց չէ․ դա քաղաքական դաշտի և հանրային կարծիքի հետազոտման հարց է։ 2021 թվականին սոցիոլոգիան ցույց էր տալիս, որ իմ պարագայում մենք ավելի շատ ձայներ կհավաքեինք, քան թիմից որևէ մեկի….Ընդդիմությունը կարող է ասել, որ գալիք ընտրությունների համար Նիկոլ Փաշինյանը գանձ է, որովհետև այս մարդը ասելիք չունի….. Իմ տպավորությամբ և այսօրվա սոցիոլոգիական տվյալներով՝ Նիկոլ Փաշինյանի վերընտրվելու հավանականությունը զրոյի է հասնում, եթե մենք սխալներ չգործենք».- իր խոսքում, մասնավորապես, ասաց Ռոբերտ Քոչարյանը։
Նա նաեւ խոսեց այն մասին, որ որոշ գործիչներ արտաքուստ հայտարարում են, թե չեն մասնակցում ընտրություններին եւ իշխանության գալու նպատակ չունեն, բայց իրենց առաջնորդած ուժը, կուսակցությունը եւ՛ մասնակցում է ընտրություններին, եւ՛ պատրաստ է իշխանություն վերցնել: Քոչարյանը անուղղակիորեն ասաց, որ ինքը քաղաքական դաշտում գործում է բացահայտ՝ առանց «վարագույրի»…
«2026 թ․ ընտրություններին մասնակցելու ձևաչափի վերաբերյալ դեռևս որոշում չունենք․ դա կհստակեցվի մոտավորապես հունվար—փետրվար ամիսներին։ Թե ով կգլխավորի ցուցակը՝ կախված է նրանից, թե սոցիոլոգիայի տեսանկյունից ով կունենա առավելագույն շանսերը։ Չեմ կասկածում, որ երեք արդյունավետ աշխատող միավորով հնարավոր է հասնել համոզիչ հաղթանակի….Ինձ ծանոթ չեն այնպիսի սոցիոլոգիական հարցումներ, որոնցով Նիկոլ Փաշինյանը վերընտրվում է։ Այո, նա հավաքում է ամենաշատը, բայց իր հետևից եկող երկու ուժերը միասին էապես ավելի շատ են հավաքում, քան նա։ Վերջին սոցհարցումը հենց այդ մասին է: Սոցիոլոգիական բոլոր հարցումները ցույց են տալիս երկու ուժ, որոնք, չնայած մի փոքր զիջում են ՔՊ—ին, մտնում են խորհրդարան։ Բայց միասին նրանք զգալիորեն ավելի ձայն ունեն, քան ՔՊ—ն։ Մեկը «Հայաստան» դաշինքն է, մյուսը՝ Սամվել Կարապետյանի ստեղծվող կուսակցությունը։ Շատ կցանկանայի, որ լիներ նաև երրորդ ուժ»:
Շարունակելի…
