«Ծածկադմփո՞ց».44–օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցը ԱԺ նիստերի օրակարգ չի բերվի

Ազգային ժողովի` 44–օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը չի հանրայնացվի. ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը որոշել է այն ուղարկել խորհրդարանի առաջին բաժին՝ արխիվ: Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատել է ԱԺ նախագահի խոսնակ Մովսես Հարությունյանը։
Ավելի վաղ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը չի ներառվի ԱԺ լիագումար նիստերի օրակարգ, թեև կքննարկվեն այն ներկայացնելու այլ ձևաչափեր։
Հարությունյանի խոսքով` Ալեն Սիմոնյանն այդ որոշումը կայացրել է շահագրգիռ կողմերի հետ քննարկումների արդյունքում։
«Հաշվի առնելով այն, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը ժամկետների անհամապատասխանության պատճառով իրավական առումով անհնար է դարձել ներառել ԱԺ լիագումար նիստերի օրակարգում, բոլոր հնարավոր իրավական շահագրգիռ կողմերի հետ քննարկումների արդյունքում որոշում է կայացվել զեկույցն ուղարկել ԱԺ-ի առաժին բաժին»,– ասաց Հարությունյանը։
Նրա խոսքով՝ գաղտնիության թույլտվություն ունեցող յուրաքանչյուր պատգամավոր, այդ թվում՝ ընդդիմադիր պատգամավորները, կարող են գնալ և ծանոթանալ զեկույցին։
Նշենք, որ Ազգային ժողովի առաջին բաժինը 16 գործառույթ ունի, որոնցից 3–րդ կետում նշվում է. «Իրականացնում է պաշտոնական գաղտնի և հույժ գաղտնի փաստաթղթաշրջանառության գործի կազմակերպման, գաղտնի փաստաթղթերի հաշվառման, առաքման պահպանման, արխիվացման աշխատանքները»։
Հիշեցնենք` հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը սեպտեմբերի 3-ին հայտարարեց, որ 2020 թ. սեպտեմբերի 27–ին Ադրբեջանի սանձազերծած 44–օրյա ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի զեկույցն ուղարկվել է Ազգային Ժողովի նախագահին։
Այս տարվա ապրիլին Քոչարյանը հայտարարել էր, որ զեկույցը կհրապարակվի սեպտեմբերի 27–ին հաջորդող խորհրդարանական նստաշրջանի առաջին կամ երկրորդ օրը։
Եվ դա այն դեպքում, երբ քննիչ հանձնաժողովի անդամ,
Հիշեցնենք նաև, որ 44-օրյա պատերազմի պատճառներն ու հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովը ստեղծվել է 2022 թվականի հոկտեմբերի 10-ին։ Ուսումնասիրությանը մասնակցել են հրավիրված մասնագետներ` նախկին և գործող զինվորականներ, քաղաքական բարձրաստիճան գործիչներ և այլն։ Հանձնաժողովում անհատական կարգով նյութեր են ներկայացրել նաև պատերազմի մասնակիցներն ու զոհվածների հարազատները։