Այսօր ԱԺ-ում քննարկվում եւ քվեարկվում էր սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը: Նիստն սկսվեց թեժ հարցադրումներով եւ այդպես թեժության մեջ էլ անցավ՝ մինչեւ այն պահը, երբ ընդդիմադիր պատգամավորները լքեցին նիստերի դահլիճը: Նախ՝ ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը մեղադրեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ Չեխիա կատարած այցի ժամանակ ԼՂ-ին վերաբերող հայտարարությունների համար: Ալեն Սիմոնյանը իրեն բնորոշ լաչառությամբ հակադարձեց Գեղամ մանուկյանին: Այնուհետեւ շարունակվեց նույն ոճով. ընդդիմադիրները մեղադրեցին իշխանականներին, իշխանականները՝ ընդդիմադիրներին: Մի խոսքով, նորից եղավ նույն անարդյունք լեզվակռիվները, որոնք լինում են վերջին շրջանում: Իսկ այդ ընթացքում, մինչ խորհրդարանում նիստերի ժամանակ ընդդիմությունն ու իշխանությունը իրար «միս են ուտում», Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 26-ի որոշեց, որ՝ սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը: Ասել է թե՝ Փաշինյանենք «ճիշտ են» սահամանզատում: Իսկ դրանից առաջ՝ սեպտեմբերի 5-ին, Կառավարությունը հաստատել էր կանոնակարգը: Մի խոսքով, որքան էլ բոցաշունչ լինեն ընդդիմադիրների ելույթները, որքան էլ հուր ու կրակ թափեն «պարոն» իշխանավորների գլխին, իշխանությունը՝ իր ազդեցության տակ գտնվող գործադիր, օրենսդիր եւ իրավական համակարգերով անում է այն, ինչ ուզում է:
«Հայաստան» խմբակցության անունից ելույթ ունեցավ Արմեն Ռուստամյանը: Անդրադառնալով Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման գործընթացին, նա ասաց.«Կանոնակարգն ամբողջությամբ հակասահմանադրական է, ուստի խմբակցությունը ո՛չ քվեարկությանը, ոչ էլ քննարկմանը չի մասնակցելու: Դրան ի պատասխան Ալեն Սիմոնյանը երկար- բարակ խոսեց, հետո Ռուստամյանի տեղից հնչեցրած արձագանքին հակադարձեց. «Դեմագոգիայով զբաղվում եք դուք, գալիս եք այստեղ ինչ եք անում ես չեմ հասկանում։ Ասել էիք քննարկմանը չեք մասնակցելու, մի՛ մասնակցեք։ Գալիս եք այստեղ ինչ եք անում ոչ ոք չգիտի»: Սա այն բացառիկ դեպքն է, երբ Ալեն Սիմոնյանի հետ կարելի է համաձայն լինել. ընդդիմադիր պատգամավորները գնացել էին ԱԺ, որ ի՞նչ անեն, որ հանդիսավորությամբ դուրս գա՞ն: Այս ամենը նման է էժան ներկայացման: Մարդիկ գիտեն, որ գնալու են հանդիսավորությամբ դուրս գալու համար, խոսելու են, որը ոչ մի արդյունք չի տալու, կողմ է քվեարկվելու այն, ինչ պետք է իշխանությանը: Ու այդ ամենը «լեգիտիմ» է , քանի որ ԱԺ-ն ունի լեգիտիմություն՝ «շնորհիվ» ընդդիմադիր պատգամավորների, ովքեր, թեկուզ խռովկան հարսի նման ներս ու դուրս են անում նիստերի դահլիճ:
Իսկ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն էլ հայտարարեց.«Պատիվ ունեմ» խմբակցությունը չի մասնակցել և չի մասնակցելու կանոնակարգի քննարկմանն ու քվեարկությանը, քանի որ հիմնավոր կասկած է առաջանում, որ «սույն գործողությունները միտված են հերթական հակապետական զիջումներին արդարացում ծառայելուն հետագայում»: Փաստորեն, ստացվում է, որ իրենց մոտ նոր է հիմնավոր կասկած առաջանում…դա դեռ հիմնավորված չէ…դա դեռ փաստ չէ, այլ՝ ընդամենը նոր առաջացող կասկած…
Նաիրա Վանյան
