Մինչ Փաշինյանը գիշեր-ցերեկ իր լսարանի ականջները սղոցում է՝ ճղճղալով, թե՝ Վաշինգտոնից մեզ համար խաղաղություն է բերել, խաղաղություն բառը րոպեում տաս անգամ կրկնելով, թուրքական մամուլն այլ բան է գրում: Իսկ քանի որ հայաստանյան հասարակությունն այլեւս իր երկրի վարչապետի աթոռը զբաղեցնողին վաղուց չի հավատում, նրա բերած ու բերելիք աղետների ու իր գլխի գալիքի մասին իմանում է հարեւան- ոչ բարեկամ երկրների ղեկավարների շուրթերից ու մամուլից:
Փաշինյանը օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան պայմանագիրը հռչակեց որպես խաղաղության պայմանագիր, իր ունեցած ու չունեցած բոլոր աստվածներով երդվեց, որ այս խաղաղությունն աննախադեպ է լինելու: Իսկ ԱՄՆ նախագահին, ով անգամ Փաշինյանի ու նրա ղեկավարած երկրի անունը չգիտի, ինքն ու Ալիեւը որոշեցին դարձնել խաղաղության Նոբելյան մրցանակի արժանի թեկնածու:
Սակայն, պարզում է, մեզ խաբում են թե՛ Փաշինյանը, թե՛ Թրամփը: Թուրքական հեղինակավոր լրատվամիջոցներից մեկը, անդրադառնալով Կոպենհագենում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում կայացած Փաշինյան-Ալիեւ հանդիպմանը, գրել է.«Չնայած օգոստոսի 8-ի համաձայնագիրը պաշտոնական խաղաղության պայմանագիր չի կազմում, այն նշանավորում է երկկողմ հարաբերությունների կարգավորման և ռազմական գործողությունների դադարեցման ուղղությամբ կարևոր դիվանագիտական քայլ»:
Փաստորեն, վաշինգտոնյան պայմանագիրը ամենեւին էլ խաղաության պայմանագիր չէ:
«Ընդգծելով օգոստոսին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ կայացած գագաթնաժողովում ձեռք բերված համաձայնությունների կարևորությունը՝ Ալիևն ու Փաշինյանը վերահաստատեցին իրենց պատրաստակամությունը՝ առավել ամրապնդելու Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը ։
Առաջնորդները նաև ընդգծել են տարածաշրջանային տրանսպորտային կապերի առավելությունները՝ մտքեր փոխանակելով Ադրբեջանի տարածքում իրականացվող ենթակառուցվածքային նախագծերի, հայկական հողերով անցնող նախատեսված TRIPP (Trump International Peace and Prosperity Route) նախագծի և Վաշինգտոնի հռչակագրի իրականացման վերաբերյալ։
Երկու առաջնորդներն էլ ողջունեցին ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու միաձայն որոշումը և ընդգծեցին վստահության ամրապնդման միջոցառումների շարունակականության կարևորությունը՝ համաձայնվելով պահպանել շարունակական շփումները: Դրա դրույթների թվում է Թրամփի անունով նոր տարանցիկ միջանցքի ստեղծումը, որը արտացոլում է փոփոխվող աշխարհաքաղաքական լանդշաֆտը Հարավային Կովկասում ռուսական ազդեցության նվազման ֆոնին։».- գրում է թուրքական մամուլը։
Փաստորեն, ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարեցին, պայմանագիրը կնքեցին, ճանապարհները կբացեն, Ալիեւի ասած՝ Զանգեզուրի միջանցքը կտան, ՌԴ-ին տարածաշրջանից կհանեն, հետո նոր կորոշեն՝ խաղաղություն կլինի՞, թե ոչ: Եթե սրան էլ հավելենք Ալիեւի խոսույթը, ով իր հասարակության եւ միջազգային ասպարեզում այս հարցում ավելի բացահայտ ու «անկեղծ» է խոսում՝ ագրեսիվ ու նվաճողական շեշտադրումներով, ապա կարող ենք վստահ լինել, որ Վաշինգտոնյան պայմանագիրը ոչ թե խաղաղության մասին է, այ՝ Հայաստանի «փափուկ» կապիտուլիացիայի…առայժմ՝ «փափուկ»…
ՆԱԻՐԱ ՎԱՆՅԱՆ
