«Wall Street Journal»-ը, հղում անելով անանուն ամերիկացի պաշտոնյաների, հաղորդել է, որ Միացյալ Նահանգները Ուկրաինային կտրամադրի հետախուզական տեղեկատվություն՝ Ռուսաստանի էներգետիկ ենթակառուցվածքների դեմ հեռահար հրթիռային հարվածներ հասցնելու համար։
Հրատարակության աղբյուրների համաձայն, նախագահ Դոնալդ Թրամփը լիազորել է հետախուզական գործակալություններին և Պենտագոնին օգնել Կիևին նման հարվածներ իրականացնելու հարցում։
Ավելին, ԱՄՆ-ն խնդրել է իր ՆԱՏՕ-ի դաշնակիցներին նմանատիպ աջակցություն ցուցաբերել։
«ԱՄՆ-ն Կիևին տրամադրել է անօդաչու թռչող սարքերի և հրթիռների աջակցություն և այժմ ձգտում է թուլացնել Կրեմլի եկամտի աղբյուրները՝ հետախուզական տվյալների փոխանակման միջոցով թիրախավորելով ռուսական էներգետիկ և ենթակառուցվածքային օբյեկտները », — գրում է հրատարակությունը՝ հղում անելով աղբյուրին։
Այլ աղբյուրների համաձայն, ԱՄՆ-ն քննարկում է «Տոմահավկ» և «Բարակուդա» հրթիռների, ինչպես նաև մոտ 800 կիլոմետր հեռահարությամբ «երկիր-օդ» և «օդ-երկիր» դասի հրթիռների մատակարարման հարցը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելոգը վերջերս Fox News-ին տված հարցազրույցում ասել է, որ Ուկրաինան կարող է հարված հասցնել Ռուսաստանի տարածքի խորքը։
«Օգտվեք խորը հարված հասցնելու հնարավորությունից։ Անվտանգ տարածք գոյություն չունի », — ասել է նա։
2025 թվականի հուլիսի կեսերին The Washington Post-ը հաղորդել էր, որ բանակցությունների ժամանակ Թրամփը Զելենսկուց հարցրել է, թե ինչու Կիևը չի հարձակվել Մոսկվայի վրա։ Թերթի տվյալներով՝ Զելենսկին պատասխանել է, որ Ուկրաինան կարող է դա անել, եթե Միացյալ Նահանգները զենք տրամադրի։ Թրամփը նշել է, որ Ուկրաինան պետք է ճնշում գործադրի Վլադիմիր Պուտինի վրա՝ հարվածելով ոչ միայն Մոսկվային, այլև Սանկտ Պետերբուրգին։
