Թուրքական «Turkish Airlines» ավիաընկերությունը նախատեսում է թռիչքներ իրականացնել դեպի Հայաստանի մայրաքաղաք։ Այս մասին հաղորդում են ԶԼՄ-ները՝ հղում անելով ընկերության հայտարարությանը։ «Մեր գործընկերության տնօրենների խորհուրդը որոշել է կանոնավոր չվերթեր իրականացնել Ռումինիայի Տիմիշոարա քաղաք և Հայաստանի մայրաքաղաք Երևան՝ հաշվի առնելով հնարավորությունները և շուկայական իրավիճակը», — ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել էր, որ իր և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև կա վստահության աճող մակարդակ: Նա աննախադեպ և դրական էր որակել Թուրքիայի հետ երկխոսությունը։
Հիշեցնենք` Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, իսկ սահմանը 1993 թվականից փակ է Անկարայի նախաձեռնությամբ։
Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ։
2022 թվականի հուլիսին Վիեննայում համաձայնություն ձեռք բերվեց երրորդ երկրների քաղաքացիների համար բացել սահմանը և սկսել բեռների ուղիղ ավիափոխադրումներ, սակայն այդ պայմանավորվածությունները դեռ կյանքի չեն կոչվել։
։
