ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը իր ֆբ էջում գրել է.«Ես ամենեւին չէի նախանձի Հայաստանի հաջորդ իշխանություններին, քանզի Փաշինյանն այնպիսի ծանր ժառանգություն է թողել, որի տակից գրեթե անհնար է դուրս գալ»։
«Նիկոլ Փաշինյանի անխուսափելի գահընկեցության անհետաձգելիությունը, կամ թե ինչո՞ւ է նա ատում պատմությունը
Ընթերցողին եմ հիշեցնում Մովսես Խորենացու պատմության հանրածանոթ դրվագը, որը վերաբերում է Արտավազդ թագավորի կշտամբանքին, իր հոր՝ Արտաշես Բ-ի հուղարկավորության արարողության ընթացքում. «Մինչ դու գնացիր եւ ողջ երկիրս քեզ հետ տարար, ես ավերակների վրա ո՞ւմ թագավորեմ»։
Տարբերությունն այն է, որ եթե Արտավազդի հայրն էր կործանում սեփական երկիրը, Փաշինյանն անձամբ ինքն է իրականացնում իր երկրի ավերումը։ Անշուշտ նա գիտակցում է իր գործած չարիքի ծավալը, ինչի արտահայտությունն են նրա մշտական ջղաձգություններն ու ընդդիմադիրների հասցեին հնչեցրած ամենօրյա լուտանքներն ու սպառնալիքները։ Ես ամենեւին չէի նախանձի Հայաստանի հաջորդ իշխանություններին, քանզի Փաշինյանն այնպիսի ծանր ժառանգություն է թողել, որի տակից գրեթե անհնար է դուրս գալ։ Իսկ թե իր նմաններին ինչպես են վերաբերվել պատմական անցյալում, եւ ինչպիսի որակումներով «պատվել» հայտնի է բոլորին։
Պատմական զուգահեռների մեկնաբանությունը թողնում եմ լրջմիտ ընթերցողի հայեցողությանը».-գրել է առաջին նախագաը:
Իհարկե, տեղին են առաջին նախագահի անկեղծ մտահոգությունները: Սակայն, եկեք հիշենք, որ Փաշինյանը օդից չիջավ, նրան կաղամբի միջից չենք գտել, նրան արագիլը չի բերել մտցրել քաղաքական դաշտ եւ դարձրել քաղաքական գործոն: Փաշինյանը որպես լրագրող եւ որպես քաղաքական գործիչ «ծնվել» եւ աճել է Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահության օրոք, նրա քաղաքական թիմի պահած, շահած, մեծացրած տղան է: Նրանք երկար տարիներ միասին ճանապարհ են անցել, միասին աղուհաց կիսել, ընդդիմադիր հարթակ կիսել, քաղաքական ամբիոն կիսել: Տեր-Պետրոսյանից հետո նրան այլ մարդիկ են որդեգրել, ազատություն շնորհել, սնել, ֆինանսավորել, պահել՝ որպես հարմար ընդդիմություն: Այս բոլորը նրան դարձրել են լսելի… Փաշինյանին կարող էին լավ չճանաչել նրա հետ անձնական շփում չունեցած մարդիկ, շարքային քաղաքացիները, բայց, ոչ այն մարդիկ, ովքեր աճեցրել ու պահել են նրան: Նրանք շատ լավ են ճանաչել «Հայկական Ժամանակի» գլխավոր խմբագրին եւ պարտավոր էին նրան հեռու պահել թե՛ քաղաքական բարձր ամբիոններից, թե՝ առավել ևս իշխանությունից: Հիմա իրենց հոգեզավակի ձեռքը ընկել են կրակը ու հայտարարություններով ուզում են երկիրը ազատագրել «ազգակործան պատուհասի» ձեռքից:
Նաիրա Վանյան
