Արցախի դիահերձարանը մեր տան մոտակայքում էր, ոչ մեկս ոչ մեկին չէինք գտնում, մեկը՝ ամուսնուն, մեկը՝ եղբորը, մեկը՝ որդուն, մեկը՝ հորը, բոլորս անընդհատ վազում էինք դեպի դիահերձարան տեսնելու համար հարազատի անունը կա զոհվածների ցուցակում թե ոչ:
Քույրիկներիս ամուսինները օրերով կորած էին, գնացի դիահերձարան ու սկսեցի դիակների մեջ փնտրել, դիակներն այնքան շատ էին ու հողոտ, որ անճանաչելի էին, երբեմն կողքի ընկած կամ շուռ եկած, ում նմանեցնում էի փեսաներիս մի կերպ շրջում էի տեսնեմ իրենք են թե չէ, ավելի ուշ պարզվեց, որ շրջափակման մեջ էին ու օրեր անց բարեբախտաբար կարողացել են ճեղքել շրջափակումը։
Երբեք չեմ մոռանա էդ տեսարանը ու երբ լսում եմ զոհասեղան բառը, որ հաճախ օգտագործվում է փոխաբերական իմաստով, որպես հանուն հայրենիքի պայքարած նահատակի, թվով 50-ն անց զոհվերի մարմինները տեսնելուց հետո ես այն միշտ ուղիղ իմաստով եմ հասկանում, սեղաններ՝ որտեղ դրված է հայրենիքի համար պայքարած հերոս տղերքի մարմինները։
Ու այնքան շատ էին, որ դիահերձարանի սեղաններն արդեն չէին հերիքում ու սառնարան-ավտոմեքենաների մեջ էին պահում դիակները։
Էսօրվա պես աչքիս առաջ է, դիակներն ավելի շատ էին քան դիահերձարանի դռնից կախված ցուցակի մեջ, ուղղակի շատերն անճանաչելի են, շատերի անունները չկար ցուցակում, շատերին դեռ նոր էին բերում։
Սառած կանգնել էի դիակների մեջտեղը ու քարացել, տղերքը… մեր տղերքը…
Մեկի անունը ցուցակի մեջ չկար, բայց հայացքը շատ ծանոթ էր, կողքի ընկած էր մի կերպ շրջեցի ու քարացա, մեր գյուղի Վիտալին էր, եղբորս շատ մոտ ընկերը, ում առաջ 1000 անգամ հաց եմ դրել, ով պատերազմից մի քանի օր առաջ եղբորս հետ եկել էր մեր տուն։
Դիահերձարանի տնօրենն եկավ, թե Նանար էդ տղու անունն ասա, որ ավելացնենք զոհվածների ցուցակում, անունն ասացի, ասացի, որ երաժշտի տղա է, տենց էլ տպեցին, հետո մոտեցավ թե էնքան ցավի մեջ ենք ոնց ասել ես երաժշտի տղա տենց էլ գրել ենք, Նանար ջան ազգանուն ու հայրանուն էլ ասա, ասացի։
Խելագարության էի հասել, ախր ես իմ կյանքում միշտ ուրիշ ցուցակներ եմ կազմել…
Տարեց մի մարդ մոտեցավ թե բալես աղջիկ երեխա ես դուրս արի էդ դիակների միջից, ձեր տանը մի տղամարդ չկա, ինքը գա փնտրի, ասի պապի չէ եկել եմ մեր տղամարդկանց փնտրեմ։
Իսկ Վիտալիկին առանց ծնող հուղարկավորեցինք, մայրը Մարտունուց չկարողացավ գալ Ստեփանակերտ որդու հուղարկավորությանը, որովհետեւ փակ էր Մարտունի-Ստեփանակերտ ճանապարհը, իսկ քույրը խնդրեց, թե Նանար խնդրում եմ նկարի, որ մաման գոնե նկարով տեսնի հուղարկավորությունը։
Մայրը տենց էլ չկարողացավ անգամ որդու գերեզմանին այցելի։
Դե չէ, Արցախցին չի կռվել, պարզապես սա սարսափ ֆիլմի ժանրից է։
Նանար Պողոսյան
«Սեր եւ պատերազմ» գրքի հեղինակ
Արցախի Հանրապետության Ազգային ժողովին կից Երիտասարդական խորհրդարանի անդամ
