ԻՋԵՎԱՆՑԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԸ ՄՈՌԱՑԵ՞Լ ԵՆ ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ

Գործարար-բարերար  Սամվել Կարապետյանի ձերբակալությունն ու կալանավորումը Հայաստանում եւ սփյուռքում ապրող շատ հայերի համար ծանր ու ցավոտ իրադարձություն է: Կարապետյանի անունը մշտապես կապվել է բարեգործությունների ու Հայաստանում արված մեծ ներդրումների հետ: Ուստի, նման հայի՝ անազատության մեջ լինելը դատապարտելի է շատերիս համար: Մարդիկ, ի պաշտպանություն բարերարի, բողոքի երթեր կազմակերպեցին, հայտարարություններ տարածեցին: Որոշ մարդիկ  նրա լուսանկարը դարձրել են իրենց սոցցանցի էջի  գլխավոր նկարը:

Սակայն, զարմանալի հանդարտություն է Կարապետյանի մայրական հարազատների մոտ: Սամվել Կարապետյանի մայրը՝ Ամալյա   Կարապետյանը, ծնունդով Իջեւանցի է՝ Գանձաքար գյուղից: Կարապետյանը Իջեւանում մոր անունով մանկապարտեզ է կառուցել, աշխատատեղեր ստեղծել, տարբեր ոլորտներում մեծ ներդրումներ արել, մոր թե՛ համագյուղացիներին, թե՛  հարազատներին օգնել է տարբեր հարցերում՝ առողջական, կրթակաան, աշխատանքի տեղավորելու եւ այլն:

Սակայն, այսօր իջեանցիների մոտ զարմանքն է առաջացրել այն հանգամանքը, որ Կարապետյանի հարազատները այնպիսի ջերմությամբ են շարունակում իշխանականների, Փաշինյանի քավոր՝ Ղալումյանների ընտանիքի, մյուս ՔՊ-ականների հետ ընկերությունն ու մտերմությունը,  կարծես թե ոչինչ չի եղել: Իհարկե, այս ընկերությունը նոր չէ. դեռեւս 2021թ-ին ԱԺ ընտրությունների ժամանակ Կարապետյանների ընտանիքը՝ ՀԷՑի Տավուշի մասնաճյուղերով հանդերձ,  աշխատել են ՔՊ-ի համար: Ասում են՝  էլեկտրիկները, տեսուչները տնետուն ընկած ՔՊ-ի համար ձայն են բերել: Իջեւանցիները զարմանում են, թե  Փաշինյանենք ինչու՞ ուրացան այդ ամենը ու «ընկան էդ մարդու ետեւից՝ ընդամենը մեկ նախադասության համար»: Իջեւանցիները ավելի շատ զարմացած են նաեւԿարապետյանի հարազատների անտարբերությունից, որը հավասարազոր են համարում ուրացմանը:  «Փաշինյանի մերձավորների հետ էնպես են «չաշկա-լոժկա» անում, կարծես թե մոռացել են, որ էդ թիմի կողմից  իրենց հարազատը դարձել է քաղաքական բանտարկյալ»: Իջեւանցիներից ոմանք տարակուսած մտածում են, որ այստեղ մի բան այն չի…

Նաիրա Վանյան