ԼՐԱԳՈՂՆԵՐԻ ՀԵՏ ԱՇԽԱՏԵՔ ՄԵ՛Ր ՁԵՒՈՎ

Եվ այսպես, «Մեր ձևով» հասարակական-կամավորական շարժումը շարունակում է մարդկանց անդամագրումը: Այս և այլ ընթացքի մասին իմանում ենք շարժման սոցցանցի էջից: Շարժման  գործելաոճի, նրա առաջնորդի հետ կապված որոշ հարցերի  կանդրադառնանք առաջիկայում: Սակայն, կա խնդիր, որի մասին արժե հուշել և հորդորել «մերձևովականներին».

Շարժման շնորհանդեսին հրավիրելիս այսպիսի հայտարարություն տարածվեց. «Ի գիտություն հայաստանյան և օտարերկյա ԶԼՄ-ների ներկայացուցիչների Օգոստոսի 29-ին՝ ժամը 11:00-ին, «Դվին» հյուրանոցային համալիրում տեղի է ունենալու Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ հիմնադրված «Մեր ձևով» ժողովրդական շարժման շնորհանդեսը և համակարգող խորհրդի մամուլի ասուլիսը»:

Շնորհանդեսին ներկա էին բավականին մեծ թվով լրատվամիջոցներ: Երբ ավարտվեց շարժման անդամների ելույթները եւ. լրագրողները սպասում էին, որ կսկսվի ասուլիսը, պարզվեց, որ «ասուլիս» կոչվածը  կտեւի ընդամնեը երեք րոպե: Հազիվ թե որեւէ  լրագրող կարող է հիշել, որ որեւէ ասուլիս լուսաբանելու է հրավիրվել  երեք րոպե ժամանակացույցով: Բնականաբար, դա առաջացրեց լրագրողների դժգոոհությունը: Նարեկ Կարապետյանին լրագրողներից մեկը տեղում խորհուրդ տվեց լրատվամիջոցների համար լինել բաց ու հասանելի: Կարապետյանը մեղքը «գցեց» լրատվության պատասխանատոներւի վրա:  Ինչեւէ, ուզած-չուզած, Նարեկ Կարապետյանը ստիպված եղավ պատասխանել ավելի շատ հարցերի, քան նախատեսել էր, քանի որ լրագրողներն ուղղակի պահանջում էին խոսափողը՝ իրենց հարցերն ուղղելու համար: Այդ ողջ ընթացքում  բեմահարթակում կանգնածները աչքով-ունքով հասկացնում էին խոսափողի «պատասխանատուներին»՝ ավարտել, եզրափակել «ասուլիս» կոչվածը:  Ակնհայտ էր, որ Նարեկ Կարապետյանը լարվում էր ուղիղ եթերում,  այդքան տեսախցիկների առաջ պատասխանելով լրագրողների անկանխատեսելի հարցերին: Եվ դա բնական է, քանի որ նա երիտասարդ է ու քաղաքանապես անփորձ: Անգամ, փորձառու գործիչներն են լարվում նման իրավիճակներում:  Իշխանական կայքերից մեկի լրագրողի հարցից հետո ասուլիսը կտրուկ ավարտվեց եւ Նարեկ Կարապետյանն արագ լքեց դահլիճը՝ լրագորղների հարցերին չպատախանելու եւ նրանց միջանցքում չհանդիպելու համար: Հետո պատասխանատուները առանձին-առանձին մոտեցան եւ խոստացան, որ մեր հարցերին ցանկացած ձեւաչափով կպատասխանեն հետագայում:

Սակայն, արդեն տեւական ժամանակ է՝ Նարեկ Կարապետյանը ժամանակ չի գտնում՝ պատասխանելու լրագրողի` անգամ գրավոր հարցերին: Պատասխանատուները դա բացատրում են նրա խիստ զբաղվածությամբ. հարցումները շատ են, չի հասցնում: Սակայն, ակնհայտ է, որ պատճատը ոչ թե շատ զբաղվածությունն է, այլ Նարեկ Կարապետյանի՝ լրագրողներից խոսափելու գործոնը: Թե ինչով է դա պայմանավորված, առայժմ զերծ կմնանք մեկնաբանելուց:  Ընդամենը հորդորում ենք՝ Եթե դու մտնում ես քաղաքական գործընթացների մեջ, խոստանում ես, որ քո սկսած շարժումը կդառնա քաղաքական շարժում, ապա պետք է կարողանաս գրագետ աշխատել լրատվամիջոցների հետ, պատասխանել լրագրողների լավ ու վատ, «քաղցր» ու «կծու» հարցերին, լինել թափանցիկ ու հրապարակային, լինել ընկալելի ու հասկանալի՝ առանց խորհրդավորության քողով պատվելու. լրագորղների հետ աշխատեք մե՛ր ձեւով…

Նաիրա Վանյան

Հ/Գ  Քանի որ Նարեկ Կարապետյանը  խուսափում է, անգամ, գրավոր հարցեր ստանալուց եւ կարդալուց, մենք  մեզ հետաքրքրող հարցերը կհրապարակենք: Կարող են պատասխանել, կարող են՝ ոչ…

Նաիրա Վանյան