Ռուսաստանի Իվանովոյի մարզում ադրբեջանական համայնքի առաջնորդը առաջադրվել է որպես տեղական դումայի թեկնածու իշխող «Միասնական Ռուսաստան» կուսակցությունից: Տեսաուղերձում նա՝ Ասիֆ Մամեդովը, հայտարարել է իր առաջադրման մասին որպես իշխող կուսակցության թեկնածու տարածաշրջանային դումայի ընտրություններում, որոնք տեղի կունենան հաջորդ շաբաթ:
Այս առաջադրումը բուռն վրդովմունք ու աղմուկ է առաջացրել ռուսական սոցիալական ցանցերում: Օգտատերերը դեմ են արտահայտվել նրա թեկնածությանը: Նրան ծաղրում են ռուսերենի չիմացության համար, «չի կարող ռուսերեն երկու բառ կապել»: Հիշում են նաեւ, որ նա նախկինում հրապարակայնորեն աջակցել է իր «պատմական» հայրենիքին՝ Ադրբեջանին, այդ թվում՝ համայնքի անունից նամակ է ուղարկել նախագահ Ալիևին:
«Ճի՞շտ եմ հասկանում, որ մեկ շաբաթից Իվանովոյի և Իվանովոյի մարզի ադրբեջանական համայնքի ղեկավարը մեր ցուցակով կմասնակցի խորհրդարանական ընտրություններին», — հարցրել է Z-բլոգեր Յուրի Պոդոլյական՝ հիշելով «Ադրբեջանի բացահայտ հակառուսական քաղաքականությունը»։ Քարոզիչը «հետաքննություն» է անցկացրել Մամեդովի բիզնեսի վերաբերյալ՝ նշելով, որ նրա ձեռնարկությունը գրանցված է որպես «Ռևիս» բաժնետիրական ընկերություն։
Z-բլոգեր՝ Սերգեյ Կոլեսնիկովը, ծաղրել է Մամեդովի տեսաելույթը՝ ասելով, որ նա «հազիվ էր կարողանում կարդալ նախապես պատրաստված տեքստը ռուսերենով՝ ուժեղ առոգանությամբ»։
Ռուսական աղբյուրների համաձայն՝ Իվանովոյի Մամեդովների ընտանիքը զբաղվում է մրգերի և բանջարեղենի վաճառքով, շինարարությամբ, առևտրային անշարժ գույքի վարձակալությամբ և այլ տեսակի բիզնեսով։ Ընտանիքի անդամներից մեկը՝ Ասիֆ Մամեդովի զարմիկ Ռուսլան Մամեդովը, արդեն Իվանովոյի դումայի պատգամավոր է։
«Միացյալ Ռուսաստան» կուսակցությունը Իվանովոյի մարզային դումայի ընտրություններում առաջադրել է 20 թեկնածու, որոնցից առնվազն վեցը, ինչպես սպասվում է, կստանան մանդատներ։ Ասիֆ Մամեդովից բացի, ցուցակում կա ևս մեկ ադրբեջանցի՝ Էդգար Վեզիրովը։ Տեղական հանրություններում նրա դեմ քարոզարշավ է ընթանում, և ընտրողներին կոչ են անում չքվեարկել իշխող կուսակցության օգտին հենց այն պատճառով, որ այն իր ցուցակում ներառել է ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների։
