ՌԴ նախագահ Պուտինի՝ Չինաստան և Միացյալ Նահանգներ կատարած բարձր մակարդակի այցերից հետո եվրոպական երկրների առաջնորդները Մակրոնի գլխավորությամբ հավաքվել են Փարիզի Ելիսեյան պալատում եւ քննարկել ուկրաինական հարցը: Հավաքին, որին տվել են «Կամքի կոալիցիա» անվանումը, քննարկել են ուկրաինական բանակի ուժեղացված մարզումների եւ Ուկրաինայում եվրոպական պետությունների զորքերի տեղակայման հարցերը:
Նախաձեռնության հիմնական հեղինակ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի գլխավորած հավաքույթը նպատակ ունի նաեւ ցույց տալու Վաշինգտոնին, որ եվրոպան կարող է գործել ԱՄՆ-ից անկախ այն բանից հետո, երբ Թրամփը փոխեց ԱՄՆ արտաքին քաղաքականությունը և Սպիտակ տուն վերադառնալուց հետո ուղիղ բանակցություններ սկսեց Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ։
Մակրոնի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերի համանախագահությամբ անցկացված գագաթնաժողովի նպատակն էր մշակել Ուկրաինայի անվտանգության երաշխիքների ծրագրերը հրադադարի դեպքում կամ երբ այն լինի, և ավելի պարզ պատկերացում կազմել ԱՄՆ ներգրավվածության մասին։
Սակայն, ինչպես միշտ, Մակրոնի եւ մյուսները գեղեցիկ խոսքերը գործի վերածվելու հեռանկարները դեռեւս չեն երեւում: Սիրուն խոսքերին չի հաջորդում գործողությունը.
«Եվրոպան պատրաստ է առաջին անգամ՝ այս մակարդակի նվիրվածությամբ և ինտենսիվությամբ», — Զելենսկուն ասել է Մակրոնը՝ հավելելով, որ երաշխիքների վերաբերյալ նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են։
Սակայն, կարծես թե, գործողությունների ընթացքի վերաբերյալ համաձայնություն չկա, քանի որ երաշխիքների բնույթը կասկածելի է, և որոշ երկրներ դժկամությամբ են պարտավորվում զորքեր ուղարկել։
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ դեռ վաղաժամ է քննարկել Ուկրաինա գերմանական խաղաղապահ զորքերի հնարավոր տեղակայման հարցը, չնայած ամբողջությամբ չի բացառել այդ հեռանկարը։
Գերմանիան ցանկանում է օգնել ամրապնդել Ուկրաինայի օդային պաշտպանությունը, առաջարկել այլ զինամթերք և ռազմական վարժանքներ, AFP-ին հայտնել է կառավարության աղբյուրը:
Հունգարիան կտրականապես մերժել է զորքերի տեղակայման կամ ռազմական աջակցության ցանկացած առաջարկ, մինչդեռ Լեհաստանը հայտարարել է, որ իր զորքերը չեն ուղարկվի Ուկրաինա՝ փոխարենը կենտրոնանալով ՆԱՏՕ-ի արևելյան թևի և լոգիստիկ օգնության վրա։
Իտալիան նույնպես հաստատել է, որ չի պլանավորում զորքեր ուղարկել: Իսկ Նիդեռլանդները և Իսպանիան սահմանափակել են իրենց դերը Ուկրաինայի անվտանգության երաշխիքներին աջակցելով՝ առանց անձնակազմի պարտավորեցման։
Այսինքն, Եվրոպան ուզում է, որ Ուկրաինան պատերազմը շարունակի մինչեւ վերջին ուկրաինացին: Դրա համարիրենք կտան փող, զենք, խորհուրդ, բայց զինվոր չեն ուզում տալ…
Գագաթնաժողովի ընթացքում եվրոպացի առաջնորդները զրուցել են նաեւ ԱՄՆ նախագահ Թարմփի հետ, ով եվրոպացի առաջնորդներին մեղադրել է ռուսական նավթ գնելու մեջ: Ի վերջո երկու կողմերը ընդհանուր հայտարարի չեն եկել…
Ռուսաստանը խիստ քննադատության է ենթարկել եվրոպական անվտանգության երաշխիքների ծրագրերը, իսկ Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է «ռազմական ճանապարհով լուծել մեր բոլոր խնդիրները» Կրեմլի համար ընդունելի խաղաղության համաձայնագրի բացակայության դեպքում։ Նա նշել է, որ չի ցանկանում տեսնել եվրոպական զորքեր պատերազմից հետո Ուկրաինայում։
