ԹՐԱՄՓԻ ՀԵՌԱԽՈՍԸ ՓՉԱՑԵ՞Լ Է

Չինաստանի Տյանցզին քաղաքում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում ելույթ ունենալով՝ Ալիևը նորից կիրառեց «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը, ասելով. «Ես վստահ եմ, որ մոտ ապագայում Զանգեզուրի միջանցքը կդառնա ինչպես Միջին միջանցքի, այնպես էլ Հյուսիս-Հարավ միջանցքի հաջորդ կարևոր հատվածը՝ ամրապնդելով խաղաղությունը, բազմակողմ  գործընկերությունը և օգուտ բերելով մերմոտիկ և հեռավոր հարևաններին,  որոնք գտնվում են ադրբեջանական սահմանից արևելք, արևմուտք, հյուսիսև հարավ»:

 Մինչդեռ Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ-ի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների կողմից հրապարակված համատեղ հռչակագրում խոսվում էր «Թրամփի երթուղու»  մասին, որը  կանցնի Սյունիքով եւ կկապի Ադրբեջանը Նախիջևանի հետ։ 

Ստացվում է, որ արցախյան պատերազմում մի քանի երկրների օգնությամբ հաղթած ու Արցախը գրաված Ալիեւը, ով իրեն արդեն Նապոլեոն է զգում, ուզում է աշխարհի գերտերության՝ ԱՄՆ-ի նախագահի հետ պայմանավորվածությունից  դուրս գալ, այսպես ասած՝ «գցել Թրամփին»: Փաշինյանը, ով հաջորդիվ ելույթ ունեցավ, ասաց, որ վիճելի եզրույթի օգտագործումը հակասում է Վաշինգտոնի համաձայնագրին։ Թեեւ, Փաշինյանը  բանից անտեղյակի նման ամեն ինչի մասին վերջում է իմանում, թուղթ ստորագրում՝ առանց իմանալու, թե տակը ինչ է գրված, մի օրվա մեջ նույն հարցի շուրջ տարբեր ու իրար հակասող  հայտարարություններ է անում, հիամ հիշել է, որ Վաշինգտոնում ուրիշ բան էին պայմանավորվել՝ «Թրամփի երթուղի»: Իսկ Զանգեզուրի միջանցքը էդքան էլ ՀՀ քաղաքացու սրտով չէ: Ու համարձակությունը ներեց Ալիեւի առջեւ, տղամարդկությունը բռնեց ու խոսեց, մոտավորապես ասելով, որ Ալիեւն իրեն ճիշտ չի պահում.«Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությամբ, Ադրբեջանի նախագահի հետ ընդունեցինք խաղաղության Հռչակագիր, նախաստորագրվեց Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների մասին համաձայնագիրը։ Ուզում եմ ընդգծել, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ընդունած Հռչակագրում նաև համաձայնեցվել է որոշակի տերմինաբանություն, և կարծում եմ, որ ճշտված, համաձայնեցված այդ տերմինաբանության օգտագործումը կնպաստի կառուցողական մթնոլորտի և հետագա աշխատանքի իրացմանը: Ուզում եմ գործընկերներին տեղյակ պահել նաև, որ, մասնավորապես, Ադրբեջանի նախագահի կողմից օգտագործվող բառապաշարը մեր կողմից չի ընկալվում այն տրամաբանության մեջ, որը մենք համաձայնեցրել ենք Վաշինգտոնում, մանավանդ որ այդ համաձայնությունների շրջանակներում Հայաստանի Հանրապետությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները կիրականացնեն հաղորդակցության ներդրումային ծրագիրը, որը կոչվում է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»։  

  Այս հայտարարության հեղինակ Փաշինյանը նույն գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է նույն Ալիեւին, լայն ժպտացել, շողշողացող աչքերով նայել, ձեռք սեղմել: Հետաքրքիր է, այդ ժամանակ Փաշինյանը Ալիեւի ականջին գոնե շշնջացե՞լ է, որ վերջինս սխալ բառապաշար է օգտագործում:
Վաշիննգտոնում Փաշինյանը ոգեւորվել էր, որ Թարմփին վերջապես մոտիկից տեսավ, ձեռքը սեղմեց: Հիշենք, որ վերջերս մի այցի ժամանակ Թրամփը նրան անգամ չէր ընունել եւ, նա վերադարձավ անհասկանալի մի միջանցքում «պալատական» մի պաշտոնյանի հետ հաջողացրած մի լուսանկար ձեռքին: Հիմա, վերջապես Թրամփն իրեն մոտ է թողել…

 Թրամփը, անգամ, Հայաստանի ու Ադրբեջանի անունները չգիտի, այդ տարածքը իր համար ընդամենը ոտատեղ է, որտեղ կտեղակայի իր ռազմական բազաներն՝ ընդդեմ իր թշնամի Իրանի:  Իսկ այդ տարածքի երկրների անունները նրա համար կարեւոր չեն: Թրամփն իր շահերից բխող գործարքը  փաթեթավորում է  «խաղաղասիրական» գունեղ երանգներով: Հանդիպման  վերջում խաղաղության աղավնու պսակը գլխին դրած նա երաշխավորեց, որ երկու երկրի միջև խոշոր հակամարտություններն «արդեն լուծված են»: Հետո  էլ ասաց, որ եթե առաջանան «աննշան խնդիրներ», ինքը պատրաստ է անձամբ միջամտել կարգավորմանը, միայն մեկ զանգ է պետք. կզանգեք, խնդիրը կլուծենք…

 Հիմա խնդիր է առաջացել. Թրամփի ուղին դառնում է Զանգեզուրի միջանցք: Փաշինյանը պարտավոր է այդ մասին ոչ միայն բարձրաձայնել Շանհայի գագաթնաժողովում, այլ պետք է հեռախոսը վերցնի ու զանգահարի Դոնալդ Թրամփին ու ասի. Ալիեւը միջանցքը խլում է ձեռքիցդ, հասի՜… Իհարկե, եթե մեր «անվտանգության երաշխավոր» Թրամփի հեռախոսը Փաշինյանի համար դեռեւս հասանելի լինի…

 Նաիրա Վանյան