ԱՍՏՎԱԾ ՊԱՀԻ ՁԵՐ ԲԱԼԻՆ, Ո՞ՆՑ ԷՐ ՀԱՄԸ ՄԵՐ ՁԱԳԻ…

 Այնպիսի տպավորություն է, թե Աննա Հակոբյանը քնում-զարթնում է՝ մտածելով, թե ինչպես կարող է ցավեցնել ու զայրացնել հասարակությանը: Նա գործի է դնում իր կարդացած՝ «Թքած ունենալու նուրբ արվեստը» գրքի վերնագրի խորհուրդն ու պարբերաբար մատը դնում մարդկանց ցավացող վերքերի վրա…
Անգամ թշնամական երկրների ղեկավարները, այո,  հանդիպում են, ձեռք սեղմում, բանակցում, զրուցում, լուսանկարվում: Բայց այն, ինչ անում է Աննա  Հակոբյանը, դուրս է թշնամական երկրի ղեկավարի կնոջ հետ հանդիպման պրոտոկոլի  տրամաբանությունից:  Դա չի տեղավորվում երկրի ու իր քաղաքացու կյանքով ու ողբերգությամբ մտահոգ մարդու վարքագծում:
Այն կինը, ում հետ այնքան սիրալիր ու բարեկամաբար լուսանկարվել է Աննա Հակոբյանը, այն  մարդու կին է, ով Եռաբլուրը մեծացրել է, սպանել է մոտ հինգ հազար հայ երիտասարդի, դրա կրկնապատիկին դարձել ֆիզիկապես կամ հոգեպես հաշմանդամ: Աննա Հոկբյանը հաճախ է հանդիպում Ալիեւի սպանած երիտասարդների ծնողներին,  սեղում նաեւ նրանց ձեռքը:  Ու հետո այդ նույն ձեռքերով արյունոտ ձեռքերն այդքան ջերմությամբ ու սիրով սեղմե՞լ…
 Երեկվանից համացանցը ողողված է այդ լուսանկարների շուրջ առաջացած աղմուկով: Հատկապես, զոհվածների ծնողներն էին իրենց վրդովմունքը արտահայտում, անիծում, հայհոյում: «Ձեր ժպիտները դանակի պես խրվում են սրտերը։ Մենք արյան ու արցունքի մեջ ենք, դուք՝ ցուցադրական ճեմքի։ Տղերքը նայում են վերևից ու հարցնում՝ արժեր՞ մեր կյանքը ձեր էժան ժպիտներին». -գրում է զոհվածի մայր Նաիրա Մարգարյանը:
 Թեեւ, պետք է ասենք, որ Աննա Հակոբյանն իր անձնական «իրավունքն» ունի երջանիկ լինելու: Պետք է ասել, որ ի տարբերություն իր ամուսին Նիկոլ Փաշինյանի, Աննա Հակոբյանն ի սկզբանե ավելի ազնիվ էր հասարակության հետ, ռազմահայրենասիրական ճառեր չէր ձոնում, խոստումներ չէր տալիս  հասարակությանը: Դեռ ավելին, նա ի սկզբանե էր ասում, որ մարդիկ  զոհվել են հանուն ոչնչի: Ի սկզբանե ասում էր, որ բոլոր զենքերը պետք է հալվեն-ձուլվեն եւ հայ մայրերի համար դրանցից պետք է զարդեր պատրաստվեն: Այդ ժամանակ շատերը չհասկացան, թե ինչ ահասարսուռ բան է ասում նա եւ ինչ է սպասվում մեր բանակին…Սիմվոլների լեզվին լավ տիրապետող Աննա Հակոբյանը ոչինչ պատահական չի անում ու ոչինչ պատահական չի ասում:  Նա պատահական չէր լուսանկարվում Արցախի տարբեր վայրերում, պատահական չէր կիսաէրոտիկ հագուստով գնում Կաթողիկոսի հետ հանդիպման: Պատահական չէր Մեհրիբանին հրավիրում Շուշի՝  թեյ խմելու ու մուղամ լսելու: Մեհրիբանը Շուշիում թեյն էլ խմեց, մուղամն էլ լսեց, բայց՝ առանց Աննայի…
 Այն  ծրագրերը, որոնք սիմվոլների լեզվով ակնարկել է Աննա Հակոբյանը, դարձել են իրականություն: Ուստի, նա ուրախ եւ երջանիկ լինելու առիթ ունի…Այլ հարց է ՝ բարոյական իրավունքը…
Նաիրա Վանյան