«Մեր ձևով»-ի տնտեսական տեսլականը

Ինչպես հայտարարվեց «Մեր ձևով» ժողովրդակամավորական շարժման շնորհանդեսի ժամանակ, շարժումն ունի հինգ աշխատանքային խումբ: Ի տարբերություն շարժման հնչեցրած թույլ քաղաքական ուղերձների, շարժման տնտեսական ուղերձն ավելի խոսուն ու բովանդակալից է: Գուցե, դա պայմանավորված  նրանով, որ շարժումը դեռեւս չի անցել իր քաղաքական փուլին:

Տնտեսական ոլորտի ավելի խոստումնալից ծրագիրը, գուցե, պայմանավորված է Սամվել Կարապետյանի գործոնով: Նա, տնտեսական գործիչ է, հաջողակ գործարար, ով իր տեղն ունի աշխարհի ամենահարուստ մարդկանց շարքում:

Այս շարժման տնտեսական աշխատանքային խումբն ունի  տեսանելի, ռեալ ու  հստակ ծրագիր:

Տնտեսական  ոլորտը համակարգող տնտեսագետ Աշոտ Պարսյանը շարժման շնորհանդեսի ժամանակ իր ելույթում խոսեց ամփոփ, հակիրճ, բայց բավականին բովանդակալից:  Պարսյանի առաջադրած թեզերը հիմնավորված էին:

Նա  իր ելույթում նշեց, որ Հայաստանը  իր ավելի քան  երեսունամյա կյանքում տնտեսության զարգացման իր մոդելը չի ստեղծել, այլ եղել է ԽՍՀՄ տնտեսության շարունակողը:

Աշոտ Պարսյանը խոսեց տնտեսական ոլորտի հիմնախնդիրներից, ներդրումների ծավալների նվազման մտահոգություններից, գործազրկության խնդիրներից: Վերջին տարիների տնտեսական աճը նա պայմանավորեց ուկրաինական պատերազմով եւ պետական պարտքի մեծացմամբ: Խոսեց պետական պարտքի անարդյունավետ ծախսերի մասին: Շեշտեց, որ Հայաստանը ետ է մնում համաշխարհային տնտեսությունից:

Ներկայացրեց կառուցվածքային բարեփոխումների իրենց տեսլականը. բյուրոկրատիայի նվազեցում, հարկային բարեփոխումներ. զբոսաշրության զարգացման կարեւորություն:  Ըստ Պարսյանի, պետք է վարել այնպիսի տնտեսական  քաղաքականություն, որ Հայաստանը վստահելի դառնա արտաքին ներդրղների համար, Հայաստանում սեփականության իրավունքը պետք է դառնա անձեռնմխելի:

Ըստ բանախոսի, կարեւոր է  նոր պղնձաձուլարանի,  նավթավերամշակման  եւ ոսկու աֆինաժի գործարանների կառուցումը, որոնք կարեւոր են երկրի վստահելության, հեղինակության համար:

Խոսվեց պաշտպանական արդյունաբերության, դեղագործություն ոլորտների զարգացման կարեւորության մասին:

Իսկ ֆերմեր-գործարար  Հարություն Մնացականյանը ներկայացրեց  գյուղատնտեսության ոլորտի խնդիրները, այն բնութագրելով որպես խոցելի ու մտահոգիչ ոլորտ: Գյուղնշանակության հողերի կեսը չի օգտագործվում, ոռոգման համակարգը անմխիթար վիճակում է: Պարենային ինքնաբավության ցուցանիշները ցածր են:  Շեշտադրում կատարվեց կարեւոր հանգամանքի վրա. չեն վերահսկվում պարարտանյութերի օգտագործման չափանիշները , ինչի հետեւանքով բնակչության առողջությունն է տուժում: Գյուղտեխնիկայի մաշվածության ու հնացածության խնդրին նույնպես անդրադարձ եղավ:

Խոսվեց ոչ միայն խնդիրներից, այլեւ՝ լուծման ուղիներից:

Շարժումը կարեւորություն է տալիս ՏՏ ոլորտի զարգացմանը:  Այն համակարգում է Ռոբերտ Կադրյանը, ով  Հայաստանում ամենաշատ թվայնացում իրականացրած ընկերության ղեկավարն է եւ համոզված է, որ ՏՏ ոլորտի զարգացումը  կհեշտացնի քաղաքացու կյանքը. հեռախոսի մեջ համապատասխան թվային ծառայության առկայության դեպքում կարելի է անցում կատարել նորագույն տեխնոլոգիաների, ասենք ՝թոշակի անցնելու համար ոչ թե փաստաթղթեր հավաքել եւ դիմել սոցապ  ծառայություն, այլ համակարգը ինքը կգտնի ու կհրավիրի քաղաքացուն: Հայաստան կարող են գալ մեկ ճամպրուկով եւ մեկ համակարգիչով՝ սկսելու իրենց բիզնեսը:

Նաիրա Վանյան