Վերջապես. «Մեր ձեւով»-ը, կարծես թե, խոսքից անցնում է գործի: Հայ Առաքելասկան եկեղեցուն պաշտպանող հայտարարությունից հետո կալանավորված Սամվել Կարապետյանը կալանավայրից պարբերաբար հանդես է գալիս հայտարարություններով: Նա սկզբում հայտարարեց քաղաքական կոնկրետ գործընթաց նախաձեռնելու, նոր ուժ ձևավորելու և դրա շուրջ համախմբում ապահովելու մասին: Իսկ դրան հաջորդած հայտարարությամբ ասաց. «Մեր քաղաքական թիմի ձևավորումը մեկնարկել է: Մեծ հարգանքով եմ վերաբերվում մինչ օրս Նիկոլ Փաշինյանի հակազգային իշխանության քաղաքականության դեմ իրական պայքար մղած քաղաքական ուժերին և գործիչներին։ Բայց մենք Հայաստանի համար լավ ապագա կառուցելու մեր պատկերացումն ունենք։ Ու գնալու ենք մեր ճանապարհով, մեր նոր թիմով՝ չբացառելով ներքաղաքական համագործակցությունը համախոհների հետ»։
Իսկ օրեր առաջ Սամվել Կարապետյանի պաշտոնական էջում հայտարարվեց. «Տեղի է ունենալու Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ հիմնադրված «Մեր ձևով» ժողովրդական շարժման շնորհանդեսը և համակարգող խորհրդի մամուլի ասուլիսը»։
Այսօր տեղի ունեցավ այդ շնորհանդեսը:
Ընդգծենք, որ հայտարարության մեջ շարժումը համարվում էր ժողովրդական: Սակայն, երբ լրագորղները հասան տեղ ու տեղավորվեցին դահլիճում, պարզվեց, որ շաժումը ոչ թե ժողովրդական է, այլ՝ կամավորական ու ապաքաղաքական: «Շարժումը մարդկանց ապաքաղաքական կամավոր միավորում է, որոնք պատրաստ են անձնուրաց ծառայել հանրօգուտ նպատակին։ Շարժման մասնակիցները կարող են լինել տարբեր մասնագիտությունների և հայացքների տեր մարդիկ, որոնք կարող են աշխատանքից ազատ ժամանակ մասնակցել շարժմանը».- հայտարարեց Նարեկ Կարապետյանը՝ Սամվել Կարապետյանի եղբորորդին, ով այս շարժման առանցքային դեմքն ու լազմակերպիչն է…գոնե՝ արտաքուստ: Իսկ թե ինչ են անելու շարժման կամավորները, ինչ գործառույթներ պետք է իրականացնեն, չհստակեցվեց:
Այս հայտարարությունը հիասթափեցրեց շատերին, քանի որ մարդիկ Սամվել Կարապետյանից ու նրա թիմից քաղաքական լուրջ շարժման ակնկալիք ունեն:
Բայց, հետո էլ պարզվեց, որ շարժումը դառնալու է քաղաքական: Նարեկ Կարապետյանը ասաց, որ դա չի նշանակում, թե իրենք կուսակցություն չեն հիմնելու: «Սա մեր աշխատանքի առաջին փուլն է: Հայաստանում առաջիկայում ընտրական գործընթացներ են սպասվում և դրանց մասնակցելու օրենքով նախատեսված ամենահարմար ձևը կուսակցական մասնակցությունն է: Մեր գործունեության երկրորդ փուլում պատրաստվում ենք մեր մշակած մասնագիտական ծրագրերը, նախագծերը շարժման հիման վրա ստեղծվելիք կուսակցության միջոցով վերածել պետական ծրագրերի»,- ասաց նա:
Այնպիսի տպավորություն էր, թե Նարեկ Կարապետյանը խուսափում է պարզ, ուղիղ ասել, որ սկսում են քաղաքական շարժում: Կամ էլ, Կարապետյանները դեռ հստակ չեն որոշել՝ շարժումը կդառնա քաղաքական, թե ոչ: Միգուցե, դա կախված է տարբեր հանգամանքներից եւ իրադարձությունների զարգացումից…
Հասարակության այն հատվածի մեջ, ովքեր դեմ են գործող վարչախմբին եւ նոր ու չարատավորված դեմքեր են ուզում, կան մարդիկ, ովքեր Սամվել Կարապետյանից լուրջ եւ հստակ քայլեր ու ասելիքներ են ակնկալում: Եթե քաղաքական շարժում սկսելու հստակ որոշում կա, կարելի է այդ մասին ուղիղ ասել՝ առանց խոսքի ճամփան երկարացնելու…Նման ձեւակերպումները նման են երկար ճանապարհով Երեւանից Տաշիր գնալուն՝ Դիլիջանի ոլորաններով ու Վանաձորով…
Նաիրա Վանյան
Շարունակելի…
