2026թ-ի ընտրություններին շատերը կլինեն բանտերում

ՀՀ քաղաքական դաշտում շատերն արդեն դիրքավորվել են նախընտրական քարոզարշավի «խրամատներում» եւ սրում են քարոզչական ու հակաքարոզչական «զենքերը»: Ընդդիմադիր ուժերից շատերը պատրաստվում են  «մարտնչել» ոչ միայն ու ոչ այնքան իշխանության դեմ, որքան՝ մեկը մյուսի. նորից կհիշեն, թե ով բերեց Նիկոլին, թե 2021-ին ով «չկրեց» Նիկոլին, ով իմպիչմենթին չմիացավ, ովքեր բոլոր շաժումները ձախողեցին ու կսկսվի՝ է՛լ գող փիսո, է՛լ քաչալ շուն…

Ընդդիմադիրներն այնպիսի ջանադրությամբ կքարկոծեն միմյանց, որ կմոռանան, թե ինչի համար են «հավաքվել»: Հասարակությունն էլ ականատես կլինի համահայկական մի մեծ «թամաշայի»: Դե, քանի որ ադրբեջանցիներն այլեւս երկրի վարչապետի հարազատներն են, այս բառը այստեղ սազական է, չէ՞ որ հենց Փաշինյանն է սրա շահառուն…
Մինչ ընտրությունները քաղաքական գործիչները իրար «միս կուտեն», բարեգործական յուղ ու բրինձ կբաժանեն, կգնան բակեր, կհիշեն շախմատ ու նարդի խաղացող պապիկներին, հետները կխաղան, կպարտվեն, կլուսանկարվեն, հետո  իրենց գերթանկարժեք «նժույգներով» կգնան գյուղեր, լացակումած կլսեն, որ ծիրանը փչացել է Լարսի ճանապարհին, դաշտերը չորացել են ջրի պակասից: Ձեռքի հետ էլ կհիշեցնեն, որ Նիկոլը «քըխ» է, Արցախը տվեց, Սյունիքը, գրեթե, տալիս է, Տավուշը տալիս է, իրենց խաբել է…ու այսպես շարունակ:

Դե, Փաշինյանն էլ հո ձեռքերը ծալած չի նստելու. խոշորացույցի տակ կպահի բոլորին, ով մի քիչ բարձր կխոսի իր մասին, կամ, ասենք ՝վտանգավոր ձվաձեղ պատրաստի, «մերձեւով»-անման մի բան կասի, ու, առանց վարանելու ու երկար բարակ մտածելու, կտանի կլցնի բանտերը՝ համալրելով ազատազրկված քաղբանտարակյալների թիվը: Ինչպես ժամանակին ասում էր հանուցյալ գեներալը, մուրճն էլ է իր ձեռքին, մեխն էլ, որտեղ կուզի կխփի, ու… ինչքան կուզի, կխփի: Պետբյուջեի հաշվին գյուղերում մի երկու կարեւոր հարց կլուծի, մի կլուբի նստարան  կվերանորոգի ու իր ֆբ էջում կտարածի, որ աշխարհը տեսնի, թե՝ ինքը ոնց է  քափ ու քրիտինքի մեջ մտած  աշխատում…

Նորից կհիշի նախկիններին, նորից կմանիպուլացնի, նորից կխոստանա ու կհամոզի , որ ինքը Հայաստանի համար անկրկնելի խաղաղության աղավնի է: Ու անպայման կսպառնա, որ եթե ինքը չընտրվի, պատերազմը իր ողջ սարսափով կմտնի Հայաստան: Դե, իր թիկունքին նա Ալիեւ ու Էրդողան ունի…

Իսկ իսկական ընդդիմադիրները,  այդ ժամանակ փակված կլինեն  բանտերում՝ համալրած երկու Սրբազանների, Սամվել Կարապետայնաի, զինվորականների եւ մյուս պայքարող հայրենասեր մարդկանց շարքերը…

Հաջորդ օրը Հ1-ի հաղրդավարը «կավետի», որ ՔՊ-ն նորից մնում է իշխանության ղեկին: Իսկ ԱԺ անցած  ընդդիմադիր ուժերն էլ կուրախանան, որ դեռ ընդդիմադիր են աշխատում. կգնան, նիստերին կնստեն, կրակոտ հարցեր կտան, ելույթներ կունենան, շիշ-միշ կշպրտեն իրար վրա, կքաշքշեն, կջղայնանան… օրեր են անց կկենան, կգնան:

Իսկ Հայաստանում արդեն իրենց իրավունքների պաշտպանություն կպահանջեն Հայաստան եկած 300 հազար ադրբեջանցիները: Հետո Թուրանի համար ջրի  ճամփա դարձած Սյունիք թույլտվությամբ կգնանք…Հետո… Հետոն ցանկալի չէ անգամ պատկերացնել…

Նաիրա Վանյան