ՀԱՋՈՐԴԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԵՆ ՎԵՐԻՆ ՈՍԿԵՊԱՐՆ ՈՒ ՏԻԳՐԱՆԱՇԵՆԸ

Արտգործնախարար Արարատ Միրզոյանը Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում, որն այսօր երեկոյան պետք է ցուցադրվի Հ1-ով, մասնավորապես հայտնել է․ <<Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքներ կան, որոնք հիմա ադրբեջանական վերահսկողության տակ են, և կան Ադրբեջանի Հանրապետության տարածքներ, որոնք մեր վերահսկողության տակ են>>։ Նույն բանը հայտարարել է նաև Նիկոլ Փաշինյանը։ Ուրեմն՝ հաջորդը Ադրբեջանին են հանձնվելու Վերին Ոսկեպարը` Յուխարի Աքսիպարան և Տիգրանաշենը` Քյարքին։ Երբ անցյալ տարի սահմանազատման անվան տակ Կիրանց գյուղի մոտ 40 հեկտար հողերը, Կիրանց -Բաղանիս հատվածի և Բերքաբերի ավելի քան 30 տարի ամրացված դիրքերը միակողմանի, ապօրինի կերպով, սահմանազատման անվան տակ հանձնեցին Ադրբեջանին, ասում էին, թե սահմանազատումը շարունակություն է ունենալու և Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Հայաստանի հողերը վերադարձվելու են։ Սակայն այդպես չեղավ։ Ավելի քան 30 տարի Ադրբեջանի վերահսկողության տակ են Բերքաբերից մոտ 900 հեկտար հողերը։ Ավելի քան 30 տարի Ադրբեջանի վերահսկողության տակ են Տավուշից մարզի մոտ 10 հազար հեկտար հողեր, որոնց մի մասը ադրբեջանցիներն ամեն տարի մշակում են, ցորեն են ցանում։ ՀՀ սուվերեն տարածք Արծվաշենը 1992թ․ օգոստոսի 8-ից գտնվում է Ադրբեջանի օկուպացիայի տակ։ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը 2020թվականից հետո Ադրբեջանի կողմից ՀՀ սահմանամերձ տարածքներում օկուպացված մոտ 250 քառակուսի կիլոմետր տարածքի, Արծվաշենի, Տավուշից օկուպացված շուրջ 10 հազար հեկտար հողերի վերադարձն առաջնահերթ պահանջելու փոխարեն խոսում են Հայաստանի վերահսկողության տակ գտնվող ադրբեջանական տարածքների մասին։ 2020թվականից հետո Հայաստանի հողերն անընդհատ հանձնում են, ո՞վ պետք է հանձնողների ձեռքը բռնի, ընդդիմությո՞ւնը, որը Նիկոլ Փաշինյանի կառավարությանը նույնիսկ անվստահություն չի հայտնում խորհրդարանում:
 Ոսկան Սարգսյան