Համազգային ամոթի ու հոգեբանական անկման ժամանակաշրջան

Անցած շաբաթը հագեցած էր, այս շաբաթը նույնպես սկսվեց դատավարություններով, որոնք կարելի է բնութագրել որպես մեր համազգային ամոթի դատավարություններ: Սրանից մի քանի տարի առաջ վատ երազում անգամ չէինք կարող տեսնել, որ պետությունը, ավելի ճիշտ՝ երկրի ղեկին նստած խմբակը կարող է ձեռք բարձրացնել եւ ազատազրկել հայրենիքի շահերից հանդես եկող հոգեւորականներին, ազգային բարերարին, զինվորականներին, որոնց անունները միայն հայրենասիրության ու ազգանվիրության հետ են ասոցացվում: Բայց այն, ինչ չտեսանք վատ երազում, տեղի է ունենում իրական կյանքում: Այսպես կվարվեր թշնամին, եթե հայտնվեր մեր երկրի իշխանության ղեկին:  Շարքային, արժանապատվություն ու ազգային արժեքների հասկացողություն ունեցող  հայը չի կարող անտարբեր ու առանց սրտի ցավի տեսնել այն, ինչը տեղի  ունենում մեր երկրում՝ ազգային ուժերի նկատմամբ:

Երկու Սրբազան  անազատության մեջ են հայրենիքի ներսում եւ հայրենիքի շուրջ տեղի ունեցող իրադարձություների նկատմամբ  իրենց մտահոգւթյուններն արտահայտելու համար:  Դեռ ավելին՝  Բագրատ Սրաբզանը մեղադրվում է ահաբեկչության կազմակերպման մեղադրանքով:  Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնի կապակցությամբ  նրանք իրենց օրհնանք են փոխանցում իրենց ժողովրդիին ու համբուրելի երկրին գրավոր կերպով, փաստաբանի միջոցով: Մինչդեռ նրանք պետք է լինեին իրենց հավատավոր հոտի հետ եւ Սուրբ պատարագ մատուցեին:

Ինչ խոսք, թե Բագրատ Սրբազանը, թե Միքայել Սրբազանը պինդ ու անկոտրում մարդիկ են: Նրանք գիտեին, թե ում հետ գործ ունեն եւ ինչ հետեւանքներ կարող են ունենալ իրենց գործունեությունն ու հայտարարությունները: Անգամ անազատության մեջ նրանք ավելի  ուժեղ են, քան թշնամու առաջ խոնարհաբար ծնկած եւ իր իսկ հայրենակիցներից «զորքով» պաշտպանվող իշխանավորները:

Իսկ այս դատավարությունները, որոնք «քննում են» քաղբանտարկյալներին,  դարձել են սատիրայի թատրոնի բեմադրություններ, որոնք երկրի ղեկին նստածի սցենարով ու ցանկությամբ երկարացնում են կալանքի ժամկետները: Փաշինյանն ինքն է խոստովանել, Հայաստանում կա՞ մի դատավոր, որ…:

Անցած շաբաթ «Տաշիր գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանքը նույնպես Հակակոռուպցիոն դատարանը երկու ամսով երկարաձգեց: Շուրջ տասը ժամ տևած նիստում այդպես էլ քննիչն ու դատարանը չեն կարողացել հիմնավոր փաստարկել՝ ինչու պետք է գործարարը մնա բանտում, պնդում է նրա փաստաբանական խմբի անդամ Արամ Վարդևանյանը. «Մեղմ ասած իրավական ամենաթողություն է: Մի շարք հարցադրումներ տրվեցին քննիչին, դրանց վերաբերյալ չստացանք որևէ պատասխան»:

Սամվել Կարապետյանը Ազգային անվտանգության ծառայության նկուղում փակված է երկու ամիս: Նա վարչապետի ու իրավապահների թիրախում հայտնվեց եկեղեցին Փաշինյանի արշավից պաշտպանելուց ժամեր անց: Մայր Աթոռի պաշտպանությանն անդրադառնալով՝ գործարարն ասել էր. «Եթե դա չհաջողվի քաղաքական գործիչներին, մենք այդ ամեն ինչին կմասնակցենք մեր ձևով»:  «Մեր ձեւովը» դարձավ Փաշինյանի վախի էպիկենտրոնն ու Կարապետյանի հետագա պայքարի կարգախոսը: «Տաշիր գրուպ»-ի սեփականտիրոջ մեղադրանքը հետագայում լրացվեց փողերի լվացման, հարկերը չվճարելու և խարդախություն կազմակերպելու հոդվածներով:

Ինչ խոսք, մենք ծանր ժամանակներ ենք ապրում: Դժվար է այս ամենի մեջ լավատեսություն պահպանել ու չկորցնել դիմադրողականությունը: Սակայն, պետք է հաշվի առնենք, որ հենց իշխանությունն է վախի մեջ եւ այս ամենը նրա խոր վախերի հետեւանք է: Իսկ պատմական ու աշխարհաքաղաքական իրադարձությունները, երբեմն, սիրում են կտրուկ շրջադարձեր ու անակնկալ լուծումներ: Մեր պատմության մեջ եղել են նման դեպքեր: Հետեւաբար, պետք է համբերությամբ ու ուժերի լարումով հաղթահարենք հոգեբանական ու բարոյական անկման այս ծանր ժամանակաշրջանը:

Նաիրա Վանյան