ԵՄ-ն չի կարողացել ընդունել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ, երեքշաբթի օրը հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Կայա Կալլասը՝ հույս հայտնելով, որ սահմանափակող միջոցառումները վերջնականապես կհաստատվեն այս շաբաթ։
Կալլասը նշել է, որ պատժամիջոցների փաթեթը քննարկվել է ԵՄ արտաքին գործերի խորհրդի նիստում, սակայն այն դեռևս արգելափակված է Սլովակիայի կողմից։ Փաթեթի ընդունման համար անհրաժեշտ է բոլոր 27 անդամ պետությունների միաձայն հավանությունը։
«Ես իսկապես տխուր եմ, որ մենք այսօր չհասանք այս համաձայնությանը։ Պետք է ասեմ, որ մենք իսկապես մոտ էինք։ Սլովակիային հանգստացնելու համար ասեմ, որ հանձնաժողովը կատարել է այն,ինչ նրանք խնդրել էին։ Հիմա գնդակը Սլովակիայի դաշտում է, և մենք պետք է իրականացնենք այս գործարքը։ Արդեն երկու ամիս է անցել», — ասաց ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։
Բրատիսլավան բազմիցս խոչընդոտել է պատժամիջոցների փաթեթը՝ պնդելով, որ նախ պետք է լուծվեն RePowerEU առանձին ծրագրի վերաբերյալ իր մտահոգությունները: Հունգարիան, Ավստրիան և, ըստ որոշ տեղեկությունների, Իտալիան նույնպես դեմ են արտահայտվել այն նախաձեռնությանը, որը նպատակ ունի մինչև 2028 թվականը լիովին դադարեցնել ռուսական էներգակիրների ներմուծումը:
