Եվրամիությունը պատրաստվում է պատժամիջոցներ կիրառել Իսրայելի դեմ․․․

Հաջորդ շաբաթ եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը կհայտարարի Իսրայելի դեմ սահմանափակող միջոցառումների տարբերակների մասին՝ կապված Գազայի հատվածում նրա ռազմական գործողության հետ։ Այս մասին հաղորդել է Euractiv պորտալը՝ հղում անելով աղբյուրներին։

Նրանց տեղեկությունների համաձայն՝ քննարկվում են մի քանի սցենարներ, այդ թվում՝ Իսրայելի և ԵՄ-ի միջև Ասոցացման համաձայնագրի լրիվ կամ մասնակի կասեցում, պատժամիջոցներ պաշտոնյաների, զինվորականների և վերաբնակիչների նկատմամբ։ Բացի այդ, աղբյուրները պնդում են, որ Եվրամիությունը կարող է սահմանափակել Իսրայելի հետ առևտուրը, էմբարգո սահմանել զենքի մատակարարման վրա կամ կասեցնել գիտատեխնիկական համագործակցությունը։

Euractriv-ը նշում է, որ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի կասեցումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե այս միջոցառումը միաձայն աջակցվի ազգային կառավարությունների կողմից։ Պորտալի զրուցակիցների կարծիքով՝ ամենայն հավանականությամբ Եվրամիությունը կսահմանափակվի որոշակի անձանց դեմ պատժամիջոցներով, ինչպես արդեն արել են Ավստրալիան, Մեծ Բրիտանիան, Կանադան, Նոր Զելանդիան և Նորվեգիան։