Սահմանադրության տոնը կնշենք ուրախությամբ, երբ Սահմանադրությունը հաղթանակած լինի սահմանադրախախտին․ Լևոն Զուրաբյան

«Սահմանադրությունը ոչ այլ ինչ է, քան համազգային համաձայնություն պետության և ազգային սոցիումի վարվելակերպի խաղի կանոնների մասին»,- սահմանադրության օրվա առթիվ գրել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

«Ով չի հարգում Սահմանդրությունը և խախտում է այն, նա չի հարգում համազգային այդ համաձայնության որևէ մասնակցին, նա չի հարգում մերձավորին, հարևանին, սովորական մարդկանց, ոչ սովորական մարդկանց, սեփական ազգին և պետությանը: Եթե կուզեք չի հարգում անգամ ինքն իրեն:

Երբ նման բան անում է պետության ղեկավարը, իմացիր, որ գործ ունես քեզ համար, քո պետության համար, քո ազգի համար ամենամեծ վնասարարի և թշնամու հետ: Հիրավի` ազգակործան պատուհասի հետ, քանի որ պետության համար չկա ավելի մեծ սպառնալիք, քան սահմանադրախախտը:

Սահմանադրության տոնը այն ժամանակ ենք նշելու տոնին վայել ուրախությամբ և քաղցրությամբ, երբ Սահմանադրությունը հաղթանակած լինի սահմանադրախախտին»: