Ո՞ՒՄ Է ՄՈՍԿՎԱՆ ՄԵՂԱԴՐՈՒՄ ԲԱՔՎԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՏԹԱՐԱՑՄԱՆ ՄԵՋ

Ռուսաստանը տեսնում է «որոշակի ուժերի ակտիվ ջանքեր՝ անհամաձայնություն սերմանելու» Մոսկվայի և Բաքվի միջև հարաբերություններում, ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի փոխտնօրեն Դմիտրի Մասյուկը։

«Մենք տեսնում ենք որոշակի ուժերի ակտիվ ջանքեր՝ Բաքվի հետ մեր հարաբերություններում անհամաձայնություն սերմանելու համար։ Հնչում են ակնարկներ անցյալ տարվա դեկտեմբերին AZAL ինքնաթիռի վթարի մասին, որի արդյունքում, մասնավորապես, փակվեց Բաքվում գտնվող Ռուսական տունը», — ասել է Մասյուկը։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը վստահեցրել է, որ ռուսական կողմը «հետևողականորեն Ադրբեջանին է փոխանցում իր սկզբունքային մոտեցումները՝ հարաբերություններին հասցված վնասը չեզոքացնելու համար»։

Այս ամենի ֆոնին, «Ռոսիա սեգոդնյա» մեդիա խումբը, որին պատկանում է «Սպուտնիկ» լրատվական գործակալությանը, հայտարարություն է տարածել Բաքվում «Սպուտնիկ Ադրբեջան» աշխատակիցների ձերբակալման մասին։

Լրատվամիջոցը հայտարարել է, որ «խորապես մտահոգված է» միջադեպով։ Հայտարարության մեջ նշվում է, որ «Սպուտնիկ»-ի գլխավոր տնօրեն Իգոր Կարտավիխի տունը խուզարկվել է։

Միևնույն ժամանակ, գործակալության աշխատակիցների դեմ մեղադրանք չի առաջադրվել, պարզաբանել է մեդիա խումբը։

Բացի այդ, նշվում է, որ Ռուսաստանի հյուպատոսության աշխատակիցներին թույլ չի տրվում հանդիպել ձերբակալված լրագրողների հետ, որոնց Բաքուն ներկայացնում է իբրև ՌԴ ԱԴԾ գործակալներ։