Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի պաշտպան Արա Զոհրաբյանը ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Միքայել Սրբազանը որևէ կապ չունի Բագրատ Սրբազանի քաղաքական գործունեության հետ, թեև նրանց միջև կա հոգևոր եղբայրություն։ Նա նաև հաստատեց, որ երկուսն էլ այժմ գտնվում են «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում և նույն խցում են։ Պաշտպանի գնահատմամբ, այս հանգամանքը պատահական չէ․ «Կարծում եմ՝ հատուկ են արել, որ նրանք շփվեն, խոսեն, իսկ իշխանություններն ունենան հնարավորություն լսելու և ձայնագրելու նրանց խոսակցությունները»։
Ըստ Զոհրաբյանի՝ իշխանությունները գործն առաջ են տարել հակադարձ սկզբունքով․ նախ հարուցել են քրեական վարույթ, այնուհետև միայն փորձել գտնել դրան համապատասխանող փաստեր։ Նա ընդգծեց, որ քննիչները որպես մեղադրանքի հիմք ընդունել են Միքայել Սրբազանի՝ հունիսի 21-ի հայտարարությունը, որն իրականում ընդամենը մեկ տարի առաջ արված հայտարարության վերահաստատումն էր։ «Սա պարզ կերպով ցույց է տալիս, որ նախ քրեական գործ են հարուցել, հետո միայն բովանդակություն գտել դրա մեջ», – հայտարարել է փաստաբանը։
Նրա խոսքով՝ այս ամենը խոսում է պետական կառույցների՝ հատկապես իրավապահ համակարգի՝ քաղաքական ճնշումների ներքո գործելու մասին։
Հրապարակ
