CNN-ը տեղեկացնում է, որ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը երկուշաբթի առավոտյան ժամանել է Կիեւ։ Նա նախատեսում է քննարկել Ուկրաինայի հետագա օգնության հեռանկարները՝ հաշվի առնելով այն, որ ամերիկյան աջակցության ապագան շատ բանով կախված է ԱՄՆ գալիք նախագահական ընտրությունների ելքից։
Նախարարի այցը համընկել է Ուկրաինայում շարունակվող ռուսական գրոհներին՝ չնայած արեւմտյան պատժամիջոցներին եւ միջազգային ռազմական օգնությանը։
Այցի ընթացքում Օսթինը կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու եւ պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի հետ։ Բանակցությունների գլխավոր թեման կլինի Ուկրաինայի ընթացիկ պահանջմունքների քննարկումը։
Օսթինն ընդգծել է միջազգային կոալիցիաների կարեւորությունը Ուկրաինայի աջակցության համար՝ նշելով, որ այդ ջանքերի շնորհիվ Ուկրաինան կարողացել է դիմակայել ռուսական ագրեսիային։ Բայց ԱՄՆ նախագահական ընտրությունների ելքը կարող է սպառնալիքի տակ դնել հետագա աջակցությունը, հատկապես եթե հաղթի Դոնալդ Թրամփը, որը բազմիցս կասկածներ է հայտնել Ուկրաինային աջակցությունը շարունակելու վերաբերյալ։
Օսթինի այցը տեղի է ունեցել ճակատում իրավիճակի սրման ֆոնին, որտեղ ուկրաինական ուժերը շարունակում են բախվել լուրջ մարտահրավերների։
Ինչպես գրել է The Wall Street Journal-ը, Օսթինն Ուկրաինա է եկել առանց ռազմական օգնության ազդարարման եւ ՌԴ խորքին հեռահար զենքով խփելու թույլտվության։
Օսթինը Twitter-ում հաստատել է, որ ժամանել է Կիեւ։
«Ես վերադարձել եմ Ուկրաինա չորրորդ անգամ որպես պաշտպանության նախարար՝ ցուցադրելով, որ Միացյալ Նահանգները միջազգային հանրության հետ միասին շարունակում է աջակցել Ուկրաինային»,- ասել է նա։