Պուտինը խաղաղություն չի ցանկանում, մենք պետք է «լրացնենք բաց թողածը». Գերմանիայի ՊՆ

Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը կրկին պաշտպանել է Գերմանիայի պաշտպանունակության ամրապնդման եւ Ռուսաստանի ռազմական ագրեսիային դիմակայող Ուկրաինային աջակցելու ուղեգիծը, հաղորդել է  DW-ն։

«Այս իմպերիալիստը Կրեմլում չի ուզում բանակցել, նա չի ուզում խաղաղություն»,- նշել է Պիստորիուսը՝ նկատի ունենալով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Խաղաղության հասնելու համար երկու կողմերն էլ պետք է պատրաստ լինեն, նշել է նա։ Գերմանիայի պաշտպանության նախարարը խոսել է «Վրաստանում Պուտինի ագրեսիվ գործողությունների, հետագայում՝ Ղրիմի անեքսիայի եւ, վերջապես, Ուկրաինա լիամասշտաբ ներխուժման» մասին։

Պիստորիուսի խոսքով՝ Ռուսաստանի տնտեսությունն ամբողջությամբ անցել է պատերազմական վիճակի, եւ ռուսական բանակը 2026թ. «կրկնակի մեծ կլինի, քան մինչեւ Ուկրաինայի դեմ պատերազմը»։ Այս առնչությամբ՝ Գերմանիան եւ ՆԱՏՕ-ն պետք է «լրացնեն բաց թողածը»,- նշել է Պիստորիուսը։