Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում վաղուց ի վեր ծրագրավորված էր կազմակերպելու Հայաստանյայց բոլոր թեմերի քահանայից հավաքը: Այս մասին, այսօր՝ հունիսի 27–ին, լրագրողների հետ զրույցում ասել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:
«Տարիներ շարունակ այդ հավաքը ղեկավարում է Միքայել Սրբազանը: ժամը 11:00-ին պիտի ժողովը ունենայինք, մինչև, որ իմացանք, որ այդպիսի գործողություններ են տեղի ունենալու: Մենք՝ որևէ մեկս, չենք ընդունում այդ գործողությունների իրավականությունը ու հատկապես՝ ձևը:
Միքայել Սրբազանն ազնվորեն իր ազնվական որոշումն արեց, որ ինքը պիտի գնա, որովհետև ինքը նախևառաջ հանցագործ չէ և ինքը կգնա, եթե կարող են հաստատել նրա հանցագործությունները, այդ պարագայում ուրիշ գործողություններ կլինեն:
Մենք բոլորս հարգում ենք նրա որոշումը, որովհետեւ ամենալավ պայքարը արժանապատիվ պայքարն է և երբեւէ Միքայել Սրբազանը որեւէ մեկի հետեւում չի թաքնվել։
Գնացեք իմացեք իր տոհմածառը։ Աջապահյանները բոլոր ժամանակներում եղել են մեր ազգի, եկեղեցու և պետականության առաջամարտիկներ:
Այսօր կատարվում է այն, ինչ կատարվեց 1915 թվականին, երբ Միքայել ծայրագույն վարդապետ Աջապահյանին թուրքերը պարզապես կտոր-կտոր արեցին»,-ասել է նա։
Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը նկատեց, որ Միքայել Սրբազանը մոտեցավ ԱԱԾ–ի ավտոմեքենային, բայց ժողովուրդը նրան թույլ չտվեց նստելու ավտոմեքենան. «Այնպես որ որեւէ մեկը չի թաքնվում, փախուստ չի տալիս չիրագործած հանցագործությունից»,– ընդգծել է նա։
