Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանը գրել է․
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին գալիս են Տիրոջ առջև ծնրադրելու և աղոթք անելու՝ գոհացում տալու հոգևոր պահանջմունքներին և խորհելու ու ամրացնելու ազգային հոգևոր ինքնությունը, հավատքը, հույսը և առատացնելու սերն առ Աստված, ազգակիցն ու Հայրենիքը:
Եվ, հիմա, լուրեր են հասնում մեզ, որ այս ժամին վայելում ենք Մայր Աթոռի՝ մեր սրբազնասուրբ վանքի աղոթաբույր խաղաղությունն ու զորությունը՝ որպես վանաբնակ միաբաններ ողջ անձով խորհելով ու ապրելով հայ ազգի ու Հայրենիքի կյանքով ու ճակատագրով, լուրեր ենք ստանում, որ ի հայտ են եկել անաստված ու անհոգի ավազակներ, որոնք հանդգնելու են հարձակվել Սուրբ Էջմիածնի վրա: Իրա՞վ: Մի՞թե այդքան համարձակություն ունեք, այդքան լրբություն ունեք:
Այն ինչ այսօր, այս պահին կատարվում է մեր Երկրում՝ ձեր մեղքն է, հայ քաղաքական գործիչներ ու կուսակցություններ, նախկին ու ներկայիս պետական դեմքեր: Ավելին ասելու ժամանակը չէ հիմա. դեռ պատասխան եք տալու ձեր Աստծո առջև:
Ուշքի՛ եկեք, վանեցե՛ք ձեր մտքի, սրտի և հոգու խավարը, սիրեցե՛ք ձեր ժողովրդին և Հայրենիքը և միաբանությամբ ու արժանապատվությամբ լծվեցեք Հայրենիքի շինության սուրբ գործին:
Հիշեցե՛ք, որ անցյալում մեր ողբերգությունների պատճառը թագավորի ու իշխանի վախկոտությունը, միմյանց հանդեպ ատելությունն ու անմիաբանությունն էր. մի՛ կրկնեք այդ նվաստացուցիչ պատմական սխալները»:
