ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «շատ զարմացած է» Պուտինից և կարծում է, որ Ռուսաստանի նախագահին «մոլորեցրել են», հաղորդել է Sky News-ը։
Հարցին՝ արդյոք Վլադիմիր Պուտինը տարածքային հավակնություններ ունի Ուկրաինայից դուրս, ԱՄՆ նախագահը պատասխանել է. «Դա հնարավոր է»։
«Ես մի բան գիտեմ. նա կցանկանար կարգավորել իրավիճակը։ Նա կցանկանար դուրս գալ այս իրավիճակից, նրա համար դա լիակատար խառնաշփոթ է», -նշել է Թրամփը։
Նա թվարկել է մի քանի հակամարտություններ, որոնք ԱՄՆ-ն «կարգավորել է», ներառյալ՝ Հնդկաստանի և Պակիստանի միջև վերջերս տեղի ունեցածը, և շեշտել, որ իր կարծիքով մինչ այժմ պետք է ավարտած լիներ նաև Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմը։
Թրամփը կարծում է, որ Ռուսաստանի նախագահին «մոլորեցրել են» և հավելել. «Իրականում ես շատ զարմացած եմ։ Ինձ թվում էր՝ այդքան հեշտությամբ կարգավորենք դա»։
«Վլադիմիր Պուտինը իսկապես պետք է դադարեցնի այդ պատերազմը։ Մարդիկ են մահանում», -ըստ BBC-ի՝ հավելել է Թրամփը։
«Կտեսնենք՝ կարո՞ղ ենք ինչ-որ բան տրամադրել։ Գիտեք, դրանք շատ դժվար է ձեռք բերել։ Մեզ նույնպես դրանք անհրաժեշտ են։ Մենք դրանք մատակարարում ենք Իսրայելին։ Եվ դրանք աներևակայելի արդյունավետ են։ Եվ այո, Ուկրաինան դրանցից ամենաշատն է ուզում։ Դա շատ լավ հարց է», -ընդգծել է Թրամփը։
