Հայ եկեղեցու դեմ այս խաչակարած արշավանքը տանուլ են տալու. Գառնիկ Դանիելյան

«Այս խաչակարած արշավանքը, որ սկսվել է Հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ, տանուլ են տալու»։ Այս մասին այսօր՝ հունիսի 25–ին, Բագրատ Սրբազանի տան մոտ լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Իրենք չեն հասկանում, որ արդեն իսկ եկել է իրենց հետհաշվարկի սկիզբը։ Մեր պատմության մեջ ով որ փորձել է հարձակվի Հայ առաքելական սուրբ եկեղեցու վրա, այդ մարդիկ տանուլ են տվել։  Ես համոզված եմ, որ այս հերթական ճակատամարտն էլ, որ նախանշում է, պլանավորում է, կազմակերպում է սույն անձը, շատ  կարճ ժամանակահատված հետո ինքն է հայտնվելու այդ կարգավիճակում։ Իր համար արդեն նշանակություն չունի, 105-րդ անգամ է խախտում օրենքը, 106-րդ անգամ, թե 110-րդ անգամ։ Ինքն էլ բացահայտ ասում է՝ ես իրավապահ համակարգին ցուցում եմ տալիս, գնացեք աշխատեք։ Սա արդեն քրեական հոդված է։Ոչ մեկ իրավունք չունի ուղղորդելու իրավապահ համակարգին, SMS գրելու գործից հանելու, SMS գրելու այս կամ այն մարդու տները մտնելու, ձերբակալելու։ Այս մարդը Ազգային ժողովում ասում էր՝ պադվալներում եք հայտնվելու»,–ասել է նա։

Հարցին՝ ի՞նչ է պետք անել այս պայմաններում, նա արձագանքել է. «Պետք է համախմբվել այս ուխտը բոլորի դռան ներքո չոքելու է։ Այն մարդիկ, որոնք, որ մտածում են, որ դե գիտեք, Սրբազան պայքարի շարժման հետևից են գնում, այս կամ այն քաղաքական գործիչի հետևից են գնում, մի օր էլ գալու են իրենց հետևից։

Եթե ազգային բարերարին, մարդուն, որը Հայաստանի համար այդքան բարեգործական ծրագրեր է իրականացրել, տանում են «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ, հետո ԱԱԾ, իրենց համար ոչ մի կարմիր գիծ չկա։ Ասում են՝ մենք Հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ ենք, բայց քանդում են եկեղեցին։ Ասում են՝ բա մենք ինչ-որ պետականության հիմքերում կանգնած ենք, այս ենք, այն ենք, բայց քանդում են պետականության հիմքերը։ Սա նաև կարծում եմ ծրագրի մի մաս է՝ փորձել այն ազգային ուժերը, որոնք դիմադրություն ցույց կտան, այդ մարդկանց փորձել արանքից հանել, ադրբեջանցիներին բերել բնակեցնել։ Պատահական չէ Ջեյհուն Բայրամովի վերջերս կատարած գրառումը, որով որ ասում էր, որ 300 000 ադրբեջանցիներ պիտի բերեն բնակեցնեն»–ընդգծել է Գառնիկ Դանիելյանը։