Թրամփի խաղաղության կախարդական փայտիկի միֆն ու պոպուլիստի դիմակը

ԱՄՆ-ում  նախընտրական քարոզարշավի ժամանակ Դոնալդ Թրամփը սիրուն-սիրուն խոստումներ էր տալիս. աշխարհին խաղաղություն բերել, ռուս-ուկրաինական պատերազմը 24 ժամվա ընթացքում դադարեցնել եւ ալն: Նրան նախորդող Բայդենի կողմից աշխարհի տարբեր անկյուններում հրահրված պատերազմներից հոգնած  հասարակությունը հուսադրվեց. վերջապես պատերազմները կդադարեն, մենք  էլ հանգիստ կապրենք, կաշխատենք: Ինչպես տեսանք, խաղաղության խոստումները  օդում պայթեցին՝ ինչպես օճառե պղպջակներ:  Ռուս-ուկրաինական պատերազմն ավելի ուժաղացավ: Այստեղ, պետք է ասել, որ Թրամփը ոչ թե չցանկացավ, այլ՝ չկարողացավ կասեցնել պատերազմը, քանի որ Բայդենի իշխանությունն ու Եվրոպան այս ճակատում այնպիսի թեժ կրակ են վառել, որ մարելը հեշտ չէ, հատկապես, երբ կրակի վրա անընդհատ յուղ է լցնում հավաքական Եվրոպան: Այս ճակատում հօդս ցնդեց Թրամփի՝ պատերազմներ կասեցնող կախարդական փայտիկ ունենալու միֆը. այստեղ նա անզոր է…

ԱՄՆ «գահին» նստելուն պես «խաղաղասեր» Թրամփը սկսեց բանավոր կերպով երկրներ «սեփականաշնորհել», իսկ այդ երկրների բնակիչներին իրենց կամքին հակառակ «գործուղել» մեկ այլ երկիր՝ ապրելու, քանի որ իրենց տների տեղը ինքը բիզնես ծրագիր ունի:

Վերջին տասնօրյանկում նոր ու թեժ պատերազմ բռնվեց Իրանի եւ Իսրայելի միջեւ: Նախահարձակ եղավ Իսրայելը, բնականաբար, Թրամփի իմացությամբ ու թողտվությամբ՝ որքան էլ վերջինս փորձում էր իրեն հեռու ու անտեղյակ պահել Իսրայելի նախահարձակ գործողություններից: Իրանը պատասխան հարվածներ տվեց ու դաժան պատերազմը մտավ իր «իրավունքների» մեջ:

Հիշենք, որ Թրամփը Պուտինին համարում է խելագար, քանի որ ռուսական զինուժը Ուկրաինային ուժեղ հարվածներ է հասցնում, ինչից նաեւ խաղաղ բնակիչներ, մարդիկ են զոհվում: Սակայն ինքը՝ ԱՄՆ-ն, գերազանցեց բոլոր «սպասելիքները» եւ, ոչ ավել, ոչ պակաս, հարվածներ հասցրեց Իրանի միջուկային «զինանոցներին»՝ առանց մտածելու ոչ միայն իրանցի, այլեւ Իրանի հարեւան երկրների, տարածաշրջանի խաղաղ բնակչության մասին, բնակլիմայական հետեւանքների ու հնարավոր աղետի մասին: Գիտենք, թե ինչ է նշանակում միջուկային արտահոսքը՝ իր բոլոր ծանրագույն հետեւանքներով:

Ու, պարզվում է, ինքը՝ Թրամփը,  հիացած է այս, իսկ բառերով ասած՝ «մոնումենտալ» գործողությամբ: «Իրանի միջուկային օբյեկտներին հասցված վնասը գնահատվում է որպես մոնումենտալ։ Հարվածները կոշտ և ճշգրիտ էին։ Մեր զինվորականները ցուցադրեցին բարձր հմտություններ», — գրել է նա։ «Միացյալ Նահանգները հաջող ռազմական գործողություն իրականացրեց Իրանի դեմ և խլեց միջուկային «ռումբը» Թեհրանի «ձեռքերից». գրեց Թրամփը Truth Social-ում։

Դեռեւս այս տարվա մարտին ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարդը հայտարարել էր, որ ամերիկյան հետախուզական գործակալությունները Թեհրանի կողմից միջուկային զենք ստեղծելու ուղղությամբ աշխատանքների որևէ նշան չեն տեսնում։ Բացի այդ, նրա տվյալներով, Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին չի թույլատրել 2003 թվականին կասեցված միջուկային զենքի մշակման ծրագրի վերսկսումը։ Միևնույն ժամանակ, Գաբարդը ընդգծել էր, որ ԱՄՆ հետախուզական համայնքը ուշադիր հետևում է Իսլամական Հանրապետության գործունեությանը միջուկային ոլորտում։

Փաստորեն, իրենց իսկ տվյալներով Իրանը միջուկային զենք չի արտադրում եւ չի էլ պատրաստվում արդտադրել, սակայն ԱՄՆ-ն հարվածում է այդ երկրին՝ այդ զենքի «Չ»արտադրությունը կասեցնելու համար:

Միջուկային պահեստներին ուղղված հարվածները արժանացել են ՄԱԿ-ի տարբեր պաշտոնյաների քննադատությանը:

Հետո Թրամփը որոշեց Իրանում իշխանափոխություն անել. Truth Social սոցիալական ցանցում նա գրեց.«Եթե ներկայիս իրանական ռեժիմը ի վիճակի չէ Իրանը կրկին մեծ դարձնել, ապա ինչո՞ւ չփոխել ռեժիմը»: Երկու օր անց «Նաջարյանը» փոշմանեց ու ասաց. «Ոչ, ես դա չեմ ուզում։ Ես կցանկանայի տեսնել, որ ամեն ինչ հնարավորինս արագ է հանդարտվում։ Ռեժիմի փոփոխությունը քաոս է բերում, իսկ մենք չենք ուզում այդքան քաոս տեսնել։ Գիտեք, իրանցիները շատ լավ առևտրականներ են, շատ լավ գործարարներ, և նրանք շատ նավթ ունեն։ Նրանց հետ պետք է ամեն ինչ կարգին լինի։ Նրանք պետք է ի վիճակի լինեն վերականգնվել և լավ աշխատանք կատարել։ Նրանք երբեք միջուկային էներգիա չեն ունենա»։

Դա եղավ այն ժամանակ, երբ Ի պատասխան ԱՄՆ-ի հարվածների, Իրանը հարվածեց ԱՄՆ ռազմաբազաներին: Թրամփն Իրանի արձագանքը որակեց «շատ թույլ» եւ շնորհակալություն հայտնեց Իրանին՝ իրեն նախազգուշացնելու եւ մարդկային զոհեր չունենալու համար: Այնուհետեւ իր Truth Social սոցիալական ցանցում գրեց. «Շնորհավորում եմ ամբողջ աշխարհին, եկել է խաղաղության ժամանակը»։

«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Իրանին նախապես նախազգուշացման համար, որը կանխեց զոհերի թիվը… Հնարավոր է՝ Իրանը հիմա կարող է խաղաղություն և ներդաշնակություն բերել տարածաշրջան, և ես ոգևորությամբ կխրախուսեի Իսրայելին անել նույնը», – հավելել է Թրամփը։

երեկվա դրությամբ Թրամփը բարկացած էր երկու երկրների՝ Իրանի ու Իսրայելի վրա, քանի որ չեն ենթարկվում հրադադարի ռեժիմին եւ շարունակում են կրակել.

Ստացվում է, որ Թրամփը հրապարակավ խաղաղություն է խոստանում, սակայն, իրեն ենթակա փոքր երկիր Իսրայելը տարածաշրջանում նոր պատերազմ է հրահրում, որին բացահայտ միանում է ԱՄՆ-ն: Հետո չի ենթարկվում Վաշինգտոնի հայտարարած հրադադարին ու շարունակում է կրակել:

Որքան էլ ասենք, որ այս իրանա-իսրայելական պատերազմը կարճ տեւեց, կամ՝ հույս կա, որ չի շարունակվի, այն խլեց մարդկային կյանքեր, բերեց ավերածություններ, մարդիկ լքեցին իրենց տները, երեխաները հոգեբանական հարվածներ ստացան: ՈՒ այս ամենը քողարկել Թրամփի խաղաղասիրության դիմակով, այլեւս չի ստացվում…

Նաիրա Վանյան