«Չի բացառվում, որ ՀԷՑ-ի սեփականատեր դառնան Թուրքիան եւ Ադրբեջանը». Հրանտ Բագրատյան

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Sputnik Արմենիայի  հետ զրույցում, մեկնաբանելով Փաշինյանի հայտարարությունը,  պարզաբանում է, որ «ազգայնացումը» և «պետականացումը» տարբեր գործընթացներ են, բայց ուղղված են մեկ նպատակի, և դրանք չի կարելի դիտարկել նույն հարթության վրա։ Հիշեցնեն, որ երեկ առավոտյան
Փաշինյանը սոցցանցում գրել էր` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։
«Ազգայնացումն այն է, երբ հայտարարում ես` այս գույքը պետությանն է, և ոչ մի կոպեկ սեփականատիրոջը չես տալիս։ Իսկ պետականացումն այն է, երբ դու պետության բյուջեից սեփականատիրոջը վճարում ես գույքի արժեքը և գնում գույքը»,– պարզաբանեց Բագրատյանը։
Նախկին վարչապետը Հայաստանի երրորդ հանրապետության պատմության ընթացքում մասնավոր ընկերության պետականացման կամ ազգայնացման որևէ նախադեպ չի հիշում։ Փոխարենը արձանագրում է, որ նման դեպք գրանցվել է Չիլիում 1972թ–ին, երբ Սալվադոր Ալյենդեն ազգայնացրեց պղնձի հանքերը և հետագայում սպանվեց (պաշտոնական վարկածով` ինքնասպանություն է գործել. խմբ)։ Վենեսուելայում էլ Ուգո Չավեսը ազգայնացրեց բոլոր նավթահանքերը։
Բագրատյանը ՀԷՑ–ի դեպքում թե՛ ազգայնացումը, և թե՛ պետականացումը դիտարկում է որպես թշնամական, պատերազմական ակտ Ռուսաստանի հանդեպ` նկատելով, որ Արևմուտքն ամենայն հավանականությամբ լուռ կհետևի գործընթացին` հաշվի առնելով, որ թիրախում ռուսաստանաբնակ գործարար է։ Բայց դրանից հետո, նրա համոզմամբ, Հայաստանում առանց այդ էլ սակավ ներդրումները է՛լ ավելի կնվազեն։
Հրանտ Բագրատյանը չի բացառում, որ իշխանություններն ամեն գնով պատրաստ են Սամվել Կարապետյանից վերցնել ՀԷՑ–ը` նույնիսկ պետական բյուջեի միջոցներով գնելով ընկերությունը, այդ թվում` սոցիալական ծախսերի կամ բանակի ֆինանսավորման կրճատման հաշվին։
«Հայաստանում պետականացում նշանակում է «տալ Փաշինյանին»։ Իսկ դա նշանակում է, որ ՀԷՑ–ի ամբողջ անձնակազմը` մի քանի հազար մարդ ինտենսիվորեն աշխատելու է ՔՊ–ի համար։ Արագ կփոխեն անձնակազմը, ինչքան պատմաբան ու աշխարհագրագետ կա, կբերեն կնշանակեն գործի` որպես էլեկտրաէներգետիկայի մասնագետ, և մեծ էլեկտորատ կստանան ընտրություններից առաջ»,– կարծում է նախկին վարչապետը։
Հեռանկարային զարգացումների առումով Բագրատյանը չի բացառում, որ ընտրություններից հետո ՀԷՑ–ի իրական սեփականատերեր կդառնան Թուրքիան կամ Ադրբեջանը։
Քաղաքական գիտությունների և տնտեսագիտության դոկտոր, էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը նույնպես թուրքական նկրտումներ է տեսնում։
«Թուրքիայի էներգետիկ անվտանգության դոկտրինի համաձայն` մինչև 2025թ–ի ավարտը, երբ շահագործման կհանձնվի այսօր կառուցվող ամենախոշոր` «Աքքույու» ատոմակայանը, Թուրքիան ամբողջությամբ ինքնաբավ է դառնալու էներգետիկ առումով։ Իսկ մինչև 2030թ–ը Թուրքիան պլանավորում է ինտենսիվորեն արտաքին շուկաներ արտահանել էլեկտրաէներգիա, և նույն այդ դոկտրինի մեջ հստակ առանձնացված է հարավկովկասյան ուղղությունը»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Դավթյանը` հավելելով, որ ազատականացված էներգետիկ շուկայի պայմաններում Հայաստանը հեշտությամբ կարող է հայտնվել թուրքական կախվածության մեջ։
Օրինակ` ատոմակայանի կոնսերվացման պարագայում ստիպված կլինի էլեկտրաէներգիա ներկրել, և չի բացառվում, որ հենց Թուրքիայից։
«Եթե անգամ հայ–թուրքական սահմանը չբացվի, միջպետական հարաբերություններ չհաստատվեն, դա հնարավոր է անել Վրաստանի տարածքով, քանի որ Վրաստանի և Թուրքիայի էներգետիկ համակարգերը սինխրոնիզացված են, Հայաստան–Վրաստան էլեկտրաէներգետիկ կապն էլ, ճիշտ է, ոչ այնքան արդյունավետ, բայց, այնուամենայնիվ, գործում է»,– ասաց փորձագետը։
Հիմնվելով առկա փաստերի վերլուծությունների վրա` Դավթյանը շեշտեց, որ Թուրքիան տարածաշրջանում հետապնդում է հստակ գեոտնտեսական շահեր և այդ նպատակով գործի է դնում իր գեոտնտեսական հետախուզական ցանցը` իր ազդեցությունը թողնելով նաև Հայաստանի տնտեսական ու անվտանգային համակարգերի վրա։
«Չտիրապետելով անգամ հստակ տեղեկատվության` կարող ենք որպես հիպոթեզ դիտարկել Թուրքիայի հետքը այս բարդ գործընթացներում` պայմանավորված Թուրքիայի դոկտրինալ նպատակադրումով, այն է` Հարավային Կովկասում առաջիկա 5 տարիներին դիրքավորվել որպես էլկտրաէներգիայի առանցքային մատակարար։ Ազգային էներգետիկ համակարգն այս տրամաբանության մեջ, իհարկե, չի կարող բխել Անկարայի շահերից»,– ասաց էներգետիկ անվտանգության փորձագետը։