ՌԴ-ն ԱՄՆ-ին նախազգուշացրել է հրաժարվել Իսրայելին ուղղակի ռազմական օգնության տրամադրման մտքից

Մոսկվան Վաշինգտոնին նախազգուշացրել է հրաժարվել Իսրայելին ուղղակի ռազմական օգնության տրամադրման մտքից, նույնիսկ այդ հարցի վերաբերյալ ենթադրական հայտարարություններից,  Интерфакс-ին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։

Պատասխանելով Մերձավոր Արևելքի հակամարտությանն ԱՄՆ-ի հնարավոր միջամտության վերաբերյալ հարցին՝ Ռյաբկովը շեշտել է. «Միացյալ Նահանգները մշտապես գտնվում է բոլոր գործընթացների առաջնագծում, և ասել, թե նրանք նախկինում չեն միջամտել, իսկ հիմա միջամտում են, կարծում եմ, սխալ կլիներ»։

«Մեկ այլ բան է, թե ինչպես են նրանք դիտարկում Իսրայելին ուղղակի ռազմական օգնություն տրամադրելու իրավիճակը։ Մենք զգուշացնում ենք Վաշինգտոնին նման, նույնիսկ ենթադրական, տեսական տարբերակներից։ Դա կլինի ամբողջ իրավիճակն արմատապես անկայունացնող քայլ», -ընդգծել է Ռյաբկովը։