Աշխարհը շունչը պահած հետեւում է Իսրայել-Իրան ռազմական հակամարտության ընթացքին: Ընդհանուր առմամբ, հակամարտության զարգացումները դեռևս անկանխատեսելի են, և միջազգային հանրությունը շարունակում է հետևել իրավիճակին՝ փորձելով կանխել լայնածավալ պատերազմի բռնկումը: Այս իրավիճակը, բնականաբար, վատթարացրել ու պայթյունավտանգ է դարձրել Հայաստանի՝ առանց այն էլ խարխլված անվտանգային իրավիճակը:
Հակամարտությունն Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի վրա
Իրանը Հայաստանի կարևոր հարևանն է, հատկապես Սյունիքի անվտանգության և տարածաշրջանային հավասարակշռության տեսանկյունից։ Եթե Իրանը ներքաշվի լայնածավալ պատերազմի մեջ, եւ նրա ուշադրությունը սևեռվի բացառապես Իսրայելի ու ԱՄՆ-ի ուղղությամբ, դա կարող է թուլացնել նրա վերահսկողությունը Հայաստանի սահմանների մերձակայքում, հատկապես՝ Նախիջևանի և Սյունիքի տարածքներում։ Իսկ այդ ընթացքում իրավիճակից կարող են օգտվել Թուրքիան և Ադրբեջանը. Ադրբեջանը կարող է փորձել առաջ շարժվել Սյունիքի ուղղությամբ՝ համոզված լինելով, որ Իրանը չի կարող կոշտ միջամտել: Թուրքիան կմիջամտի բացահայտ կամ «կուլիսների» ետեւից, նվազագույնը՝ կօժանդակի Ադրբեջանին, առավելոագույնը՝ կձգտի իրականացնել ոչ միայն «Զանգեզուրի» յուրացման ծրագիրը, այլեւ՝ թյուրքական աշխարհը իրար կմիացնի Հայաստանի տարածքով:
Իրանի ներքաշվածությունը լայնածավալ պատերազմի մեջ Հայաստանի համար կարող է ունենալ ոչ միայն քաղաքական, այլեւ տնտեսական ծանր հետեւանքներ: Իրանը Հայաստանի համար ոչ միայն անվտանգության, այլև կարեւոր տնտեսական և էներգետիկ գործոն է։ Լայնածավալ պատերազմի դեպքում Հայաստանի համար կարող են փակվել տարանցիկ ճանապարհները Իրանի միջով, ինչը կարող է էլ ավելի մեկուսացնել մեր երկիրը։
Ի՞նչ պետք է անի Հայաստանի իշխանությունը
Այս լարվածության ֆոնին Հայաստանում պետք է հայտարարվի հատուկ, արտակարգ ռեժիմ, երկիրը բերվի թիվ մեկ պատրաստավծության թե՛ դիվանագիտական, թե՛ ռազմական, թե՛ ազգաբնակչության պաշտպանության առումով.
- Հայաստանն այս իրավիճակում առավել եւս պետք է վարի զգուշավոր դիվանագիտական, պատրաստ լինի ինքնուրույն պաշտպանել իր սահմանները, և զուգահեռաբար՝ ամրացնի միջազգային դաշնակցային կապերը՝ առանց ավելորդ կոնֆլիկտներ հրահրելու։
- Երկրի ԱԳՆ-ն, վարչապետը պետք է դիվանագիտական ինտենսիվ բանակցությունների մեջ մտնեն Իրանի, ՌԴ-ի, Արևմուտքի, Հնդկաստանի և Չինաստանի հետ։
- Պետք է ուժեղացնել սահմանային պաշտպանությունը ուժեղացնել՝ հատկապես Սյունիքի և Գեղարքունիքի հատվածներում, մոբիլիզացնել զինված ուժերը:
- Պետք է իրականացնել կազմակերպված աշխատանք. ռազմապաստարանները կարգի բերել, ազգաբնակչությանը զգոնության եւ արտակարգ իրավիճակի պատրաստավության բերել: Չի բացառվում միջուկային արտահոսքը հասնի Հայաստան: Մոբիլիզացնել շտապ օգնության համակարգը, տարհանման պլաններ կազմվեն՝ հատկապես Սյունիքում:
- Պաշտպանական համագործակցությունը խորացնել դաշնակիցների պաշտպանական գերատեսչությունների հետ:
- Պետք է ստեղծվեն ռազմավարական պահեստներ. դեղորայք, Էներգիա, սնունդ, վառելիք՝ ապահովելով 3-6 ամսվա ինքնաբավություն՝ արտաքին սահմանների հնարավոր փակման դեպքում։
Այս ամենը պետք է արվեն, իհարկե, եթե երկիրն ունենա ադեկվատ, ազգային, պետականամետ եւ ոչ դավադիր ղեկավարություն: Բայց, քանի որ մեր երկրում այսօր չկա նման ղեկավար՝ իր բոլոր ենթականերով, «մերոնք» զբաղված են ամեն ինչով, բացի վերը թվարկածներից: Երկրի ղեկին ամուր կպած մարդը դուրս չի գալիս հոգեւոր դասի անկողիններում բացահայտումներ անելու մոլուցքից, հետո աղջկա հետ թռչում է ինչ-որ երկիր՝ մասնակցելու ինչ-որ միջազգային պանելային քննարկումների, կոռուպցիայի դեմ պայքարի իմիտացիա է ստեղծում, երբ կոռուպցիան հաշտ ու խաղաղ ապրում է իր ու իր թիմակիցների հետ: Իսկ թե վաղը ինչ կարող է լինել Հայաստանի հետ, բանից «անտեղյակ» է …ավելի ճիշտ՝ լավ էլ տեղյակ է, եւ դա մտնում է իր ծրագրերի մեջ…
Նաիրա Վանյան
