Չորեքշաբթի օրը X-ում գրված գրառման մեջ՝ Թրամփի կողմից Պուտինի հետ իր զրույցի բովանդակության բացահայտումից մի քանի ժամ անց, Զելենսկին գրել է, որ «շատերը խոսել են Ռուսաստանի հետ տարբեր մակարդակներում։ Սակայն այդ բանակցություններից ոչ մեկը հուսալի խաղաղություն չի բերել կամ նույնիսկ չի դադարեցրել պատերազմը»։ Զելենսկին հայտարարել է, որ Մոսկվայի հետ խաղաղության համաձայնագրի հասնելու փորձերը իմաստ չունեն, եթե հզոր երկրները ճնշում չգործադրեն Ռուսաստանի վրա՝ ակնհայտորեն նկատի ունենալով ԱՄՆ Թրամփի և Պուտինի վերջերս տեղի ունեցած հեռախոսազրույցը։
Հիշեցնենք, որ չորեքշաբթի օրը Ռուսաստանի և Ամերիկայի առաջնորդները 75 րոպե տևողությամբ հեռախոսազրույց ունեցան՝ քննարկելու Ուկրաինայի հակամարտությունը։ Թրամփը զրույցը որակեց որպես «լավ», բայց նշեց, որ այն չի հանգեցնի «անհապաղ խաղաղության», այն բանից հետո, երբ Պուտինը նրան «շատ վճռականորեն ասաց , որ ստիպված կլինի արձագանքել [ռուսական] օդանավակայանների վրա վերջերս կատարված հարձակմանը»։
Զելենսկու գրառումը հաջորդել է «Նյու Յորք Թայմս»-ի կողմից աղբյուրներին հղում անելով հրապարակմանը, որ Թրամփը պարբերաբար Ուկրաինայի առաջնորդին անվանում է «վատ տղա» , որը աշխարհը մոտեցնում է միջուկային հակամարտությանը։ Խորհրդականները լրատվամիջոցին ասել են, որ չնայած Թրամփը «վրդովվել» է և՛ Մոսկվայի, և՛ Կիևի նկատմամբ, նա «հատուկ թշնամանք է պահպանում» Զելենսկու նկատմամբ։
