Չեչնիայի իշխանությունները հայտարարություն են տարածել առևանգված հայազգի գործարարի վերաբերյալ

Չեչնիայի ոստիկանությունը հետաքննում է գործարար Արեգ Շչեպիխինի գործը, որը հունիսի 3-ին առևանգվել էր Մոսկվայի Յարոսլավսկի երկաթուղային կայարանից, հունիսի 4-ին իր տելեգրամյան ալիքում հայտնել է Չեչնիայի ազգային քաղաքականության նախարար Ահմեդ Դուդաևը։

Նրա խոսքով՝ Շչեպիխինի նկատմամբ հետաքննությունը տարվում է «հավատացյալների կրոնական զգացմունքները վիրավորելու նպատակով կատարված հրապարակային գործողությունների և մի խումբ մարդկանց արժանապատվությունը նրանց ազգային պատկանելության և կրոնի հիման վրա նվաստացնելուն ուղղված գործողությունների փաստով»։

Դուդաևը պնդում է, որ Շչեպիխինը «բացահայտորեն, հրապարակայնորեն և բազմիցս էթնիկ զտումների և նացիզմի կոչեր է արել, վիրավորել է կրոնը և Աստծուն, ինչպես նաև արտահայտել է հստակ ծայրահեղական հայացքներ»։

Չեչեն նախարարը հավելել է, որ Շչեպիխինը «չի առևանգվել, այլ ձերբակալվել է իրավապահ մարմինների կողմից, որոնք համագործակցում են Մոսկվայի համապատասխան մարմինների հետ»։