Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան հայտնել է, որ Ռուսաստանը դեռևս չի արձագանքել պատերազմի ավարտի վերաբերյալ Ուկրաինայի տեսլականը ներկայացնող փաստաթղթին։
«Ռուսաստանը չի արձագանքել պատերազմի ավարտի վերաբերյալ Ուկրաինայի տեսլականը ներկայացնող մեր փաստաթղթին։ Մենք այն ուղարկել ենք հանդիպման նախօրեին։ Հանդիպման ընթացքում մեր պատվիրակությունը հարցրել է ռուսներին, թե ինչ են մտածում։ Նրանք որևէ պատասխան չեն տվել։ Ո՛չ հանդիպման ընթացքում, ո՛չ էլ դրանից հետո։ Մենք պահանջում ենք Ռուսաստանից պատասխան։ Նրանց կողմից լռության յուրաքանչյուր օրը ապացուցում է պատերազմը շարունակելու նրանց ցանկությունը», — սոցիալական ցանցերում գրել է Սիբիգան։
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը նշել է, որ Ստամբուլում «կառուցողական առաջարկներին» պատասխանելու փոխարեն, ռուսական կողմը ներկայացրել է մի շարք վերջնագրեր, որոնք իրավիճակը չեն մոտեցնում խաղաղությանը։ «Մինչ օրս Ռուսաստանը մերժել է հրադադարի ցանկացած իմաստալից ձևաչափ։ Սա բավարար հիմք է մեր գործընկերների համար Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու համար», — կարծում է Սիբիգան։
Ըստ Սիբիգայի՝ Ռուսաստանի կողմից կառուցողական մոտեցման բացակայության պատճառով Ստամբուլի ձևաչափը վերածվել է ռազմագերիների փոխանակման հանդիպումների։
Ստամբուլում կայացած բանակցություններից հետո ուկրաինական և ռուսական պատվիրակությունները համաձայնության են եկել ծանր վիրավորված և երիտասարդ զինծառայողների «բոլորը բոլորի դիմաց» հերթական փոխանակման շուրջ և քննարկել են Ուկրաինայի առաջարկը՝ հունիսի վերջին առաջնորդների հանդիպում անցկացնելու վերաբերյալ:
